հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Գերմանացի պատգամավորը բարոյազուրկ է անվանել ԵՄ հանձնաժողովի նախագահին Ալիեւի հետ համագործակցելու համար

Գերմանացի պատգամավորը բարոյազուրկ է անվանել ԵՄ հանձնաժողովի նախագահին Ալիեւի հետ համագործակցելու համար

Եվրոպական խորհրդարանի գերմանացի պատգամավոր Մարտին Զոննեբորնը քննադատել է Եվրամիությանը, կշտամբել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին՝ Հայաստանի վրա հարձակված Ադրբեջանի ղեկավար Ալիևի հետ համագործակցության համար:

Պատգամավորը, խոսքն ուղղելով Ուրսուլա ֆոն դեր Լեյենին, մասնավորապես ասաց՝ չգիտի, թե ինչ ասի ԵՄ-ի վիճակի մասին, իրենց պոկելով գազի մի մատակարարից՝ Պուտինից, հիմա նա գտել է մեկին՝ Ալիևին, ով դաժան պատերազմ է վարում:

«Եթե նույնիսկ գերմանական լրատվամիջոցները լուռ են, «նավթային բռնապետությունը», որին դուք բնութագրել եք «վստահելի գործընկեր», հարձակվել է  ժողովրդավարական Հայաստանի վրա: Վերջիվերջո, մեր նոր լավագույն ընկեր Ադրբեջանը Ռուսաստանից էլ հեռու է՝ ժողովրդավարության, մամուլի և քաղաքացիական ազատության առումով: Ալիևն առաջին տեղում է միայն, երբ խոսքը վերաբերում է Քրիստոնեադեմոկրատական  միության կոռումպացված գործիչներին կաշառելուն: Եվ, երբ դուք այստեղ սկսեցիք ձեր ծառայությունը, ես պարզապես կարծում էի, որ դուք ոչ կոմպետենտ եք և մի քիչ հանցագործ, մինչդեռ պարզվեց, որ դուք նաև  տպավորիչ կերպով զուրկ եք բարոյականությունից»,-շեշտեց Զոննեբորնը:

Նա հավելեց՝ չգիտի, թե այլևս ինչ ասի Եվրամիության վիճակի մասին: «Միայն մի բան՝ չպետք է թողնենք Եվրոպան «լեյեններին»,-եզրափակեց գերմանացի պատգամավորը:

Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ: Ավելի ուշ Ադրբեջանը հրետանային միջոցներ էր կիրառել նաև այլ ուղղություններով: Հայկական կողմի զոհերի թիվն այս պահի պաշտոնական տվյալներով 105 է: Վիրավորում ստացած 6 քաղաքացիական անձանցից 4-ը շարունակում են բուժումը հիվանդանոցներում: Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 14-ին հայտնել էր, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն։

  • Կիսվել: