երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
«Դուք հենց նոր արեցիք նույնը. իմ ու ձեր արածները որևէ բանով իրարից չեն տարբերվում». Ալեն Սիմոնյանը՝ Արծվիկ Մինասյանին

«Դուք հենց նոր արեցիք նույնը. իմ ու ձեր արածները որևէ բանով իրարից չեն տարբերվում». Ալեն Սիմոնյանը՝ Արծվիկ Մինասյանին

Ազգային ժողովի հերթական քառօրյայի մեկնարկին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ՀՀ Սահմանադրությունից մեջբերումներ արեց, ըստ որի ԱԺ աշխատանքները կազմակերպվում են նաև արտահերթ նիստերի գումարման, անցկացման միջոցով։

«Սահմանադրության համաձայն, Ազգային ժողովի նախագահը ներկայացնում է ԱԺ-ն ու ապահովում է բնական գործունեությունը։ Ըստ ձեզ, ձեր պարտականությունների մեջ մտնո՞ւմ է  արդյոք գնահատական հնչեցնել ԱԺ արտահերթ նիստի հրավիրման ու անցկացման վերաբերյալ պատգամավորների հայտարարություններին, որոնք նշում են, որ չեն ապահովելու քվորում։

Արդյո՞ք սա չի խաթարում բնականոն գործունեությունը, եթե խոսքը քաղաքական մեծամասնության մասին է»,- դիմելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ հարցրեց Արծվիկ Մինասյանը։

«Ոչ, չի խաթարում, ես քաղաքական գործիչ եմ,  կարող եմ քաղաքական գնահատական հնչեցնել յուրաքանչյուր գործընթացի վերաբերյալ»,- արձագանքեց Սիմոնյանը։

«Պարոն Սիմոնյան, ստացվում է՝  դուք որպես նաև քաղաքական մեծամասնության ներկայացուցուցիչ, ոչ միայն դեմ եք քվեարկում խորհրդի նիստում,  նաև հրապարակային  հայտարարում եք, որ Սահմանադրությամբ նախատեսված ու երաշխավորված արտահերթ նիստի անցկացումը, որը ձախողում եք դուք ու քաղաքական մեծամասնությունը,  համարում եք  բնականոն գործունեությո՞ւն»,- ասաց Արծվիկ Մինասյանը։

Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Դուք չե՞ք համարում, որ նույն Սահմանադրության կետերի համապատասխան, ձեզ իրավունք եք վերապահում նույն բանն անելու։

Ոչ, որովհետև դուք նույնպես քաղաքական գնահատական տվեցիք իմ հայտարարությանը։ Քաղաքական գործիչն ազատ է իր քաղաքական կարծիքը, քաղաքական գնահատականները տալու, ինչպես դուք արեցիք նոր։  Իմ ու ձեր արածները որևէ բանով իրարից չէր տարբերվում»։

Արծվիկ Մինասյանը հայտարարեց. «Ազգային ժողովի քաղաքական մեծամասնությունը տապալում է իր Սահմանադրական պարտականությունը, ի տարբերության ընդդիմությանը, որի չմասնակցելն էլ չի ազդում  քվորումի վրա, մեծամասնության գործողություններն ուղիղ են ազդում, նրա սահմանադրական պարտականությունն է բնականոն գործընթաց ապահովելն ու ԱԺ նիստի անցկացումը»։ 

Հիշեցնենք, որ խորհրդարանի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն երեկ միջնորդություն էին ներկայացրել Ազգային ժողովի խորհրդին՝ վաղը կամ մինչև հունիսի 17-ն արտահերթ նիստ գումարելու պահանջով՝ Ազգային ժողովի ուղերձը կառավարության հրաժարականի և նոր կառավարության ձևավորման մասին օրակարգով։ ԱԺ խորհրդում ՔՊ-ն դեմ է քվեարկել այդ նախաձեռնությանը և հայտարարել, որ ամսի 17-ին ևս իրենք չեն մասնակցի իրավունքի ուժով կայանալիք նիստին:

  • Կիսվել: