Դու գնա, թող էս ազգը շնչի. պատերազմ հաստատ չի լինելու. Աստղ Գալեյանը՝ Փաշինյանին
Նիկոլ Փաշինյանի երեկ ԱԺ–ում ասածը հանցագործություն է և ինքնախոստովանություն. Ես հուսով եմ, որ ընտրություններում ընդդիմության հաղթանակից հետո այս ամենին կտրվի իրավական պատասխան և բոլոր մեղավորները պատասխան կտան յուրաքանչյուր տղայի չլինելու համար։ Այս մասին այսօր՝ մարտի 26–ին, դատախազության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեց 44–օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանը՝ անդրադառնալով նրան, որ երեկ ԱԺ–ում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր հետևյալը. «2020–ին գիտակցված զոհողության են գնացել և դրա արդյունքում է, որ ձեռք ենք բերել պետություն ու անկախություն։ Դրանից առաջ բոլոր զոհողությունների հեղինակը մենք չենք եղել, մեզ տարել են կառափնարան և զոհել իրենց շահերին։ Առաջին անգամ մենք զոհողության ենք գնացել մեր շահերի համար, պետության, մեր ինքնության, մեր ապագայի համար»։
«Դու 20 տարի պահել ես քո երեխային, ապրել ես նրա ամեն մի ուրախությունով ու այսօր քո երեխան ինչ–որ մի մարդու աթոռի համար տարել և զոհել է այսքան տղաների։ Լսում եմ իր ելույթները, այսօր էլ անգամ լրագրողներին է սպառնում, որ եթե ինձ չընտրեք, ձեր բերանին են տալու։ Ես չգիտեմ՝ այս մարդն ով է, որ ամեն առավոտ արթնանում է քնից, բացում է իր հեռախոսը և հիանում իրենով։ Բայց ուզում եմ հիասթափեցնել քեզ։ Դու դա չես, դու ընդամենը պարտված ղեկավար ես։ Եթե նա մի փոքր ինքնասիրությու ունի, 2020–ի նոյեմբերից հետո պետք է հեռանար՝ տեղը զիջելով ավելի հզոր մարդու։
Նա ինքնասիրություն չունի, ամեն ինչ անում է, որ վիրավորի, ցավեցնի, ցավի վրա նորից ցավ ավելացնի, սպառնալով, որ եթե ինձ չընտրեք, խաղաղություն չի լինի, այնինչ պատերազմն ամեն վայրկյան թելից կախված է մեր գլխին։
Դու գնա, պատերազմ հաստատ չի լինելու։ Գնա, թող էս ազգը շնչի։ Այն, ինչ թողել ես, ամրացնենք»,–ասաց նա։



