շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Доехали. Ալիեւը միանում է Փաշինյանի հրաժարականի պահանջին

Доехали. Ալիեւը միանում է Փաշինյանի հրաժարականի պահանջին

Haqqin.az-ը «սենսացիոն բացահայտում է արել»՝ 2018թ. իշխանափոխությունից հետո Փաշինյանի եւ Ալիեւի էմիսարները գաղտնի բանակցություններ են վարել: Հայկական կողմը ներկայացրել է Արսեն Խառատյանը:

Լրատվամիջոցը գրում է, որ հայտնի է նաեւ Ալիեւի անունից բանակցած պաշտոնյանի անունը, որ կհրապարակվի ըստ անհրաժեշտության: Բանակցություններն ընթացել են եվրոպական մի երկրում՝ երկու փուլով: Ըստ այդմ, հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել «նախապես վերադարձնել երեք շրջան, որից հետո հիմք ընդունելով Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի համաձայնեցված «Մադրիդյան սկզբունքները»՝ Լեռնային Ղարաբաղը պետք է ստանար անցումային կարգավիճակ, այնուհետեւ պետք է վերադարձվեին Քելբաջարի եւ Լաչինի շրջանները»:

Ընդսմին, haqqin.az-ը գրում է, որ Արսեն Խառատյանն այս գաղտնի բանակցությունները վարել է, երբ արդեն թողել էր արտաքին քաղաքականության հարցերով վարչապետ Փաշինյանի խորհրդականի պաշտոնը:

«Հենց այստեղ էլ ալիեւյան քարոզչամեքենան թույլ է տվել ճակատագրական վրիպում, որ փլուզում է տեղեկատվական կառույցը»,- գրում է քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը:

«Հարց է առաջանում՝ մի՞թե Իլհամ Ալիեւն այնքան հիմար է, որ իր պաշտոնյային գաղտնի բանակցությունների է լիազորել՝ չունենալով հայկական կողմից համարժեք վիզավի: Չէ՞ որ խոսքը դիվանագիտական հարաբերություններ չունեցող, հակառակորդ երկրների մասին է:

Նման իրավիճակում իրեն հարգող կառավարությունը պետք է որ ամենավերջին մանրուքն անգամ հաշվի առներ: Ունե՞ր Իլհամ Ալիեւը երաշխիք, որ Փաշինյանի խորհրդականի պաշտոնը թողած, Թբիլիսիում աշխատող եւ մշտապես այնտեղ բնակվող Արսեն Խառատյանը երրորդ երկրի գործակալ չէ եւ առաջին իսկ հարմար պահի չի մատնի գաղտնիքը:

Նման երաշխիք Ալիեւը կունենար, եթե Արսեն Խառատյանը Հայաստանի վարչապետի անունից գրավոր ներկայացներ բանակցողի իր մանդատը: Ադրբեջանը նման փաստաթուղթ ունի՞: Ամենայն հավանականությամբ՝ ոչ:

Այլապես կհրապարակեր, որովհետեւ արդեն պարզ է դառնում, որ Իլհամ Ալիեւը միացել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին: Խիստ ուշագրավ է, որ «գաղտնի բանակցությունների» վարկածը Բաքվից շրջանառվում է Նիկոլ Փաշինյանի հասցեին Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի հայտարարության հաջորդ օրը: Ո՞վ է իրականում haqqin.az-ի հրապարակման հեղինակը»,- հարցնում է քաղաքագետը:

  • Կիսվել: