երկուշաբթի, սեպտեմբեր 26
26 / 9 / 2022
Դիսկուրսը, որ այս կամ այն պաշտոնյան չպիտի մտնի «Եռաբլուր», պետք է դադարեցվի․ Խաժակյան

Դիսկուրսը, որ այս կամ այն պաշտոնյան չպիտի մտնի «Եռաբլուր», պետք է դադարեցվի․ Խաժակյան

Ցավոք, մենք տեսնում ենք, որ շատ դրվագներում ոստիկանությունը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա շարունակում է ցուցաբերել ոչ պրոֆեսիոնալ մոտեցում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ սեպտեմբերի 21-ին Նիկոլ Փաշինյանի՝ Եռաբլուր զինվորական պանթեոն այցից առաջ ոստիկանները բիրտ ուժ կիրառելով՝ տարածքից հեռացրին զոհված զինծառայողների հարազատներին։

«Լույս» դաշինքի ղեկավարը նաև ընդգծեց, որ իր երևակայության մեջ չի կարող տեղավորվել, որ հայաստանյան որևէ քաղաքական գործիչ՝ լինի իշխանական, թե ընդդիմադիր, կարող է նման քաղաքական հրահանգ տալ:

«Պետք է ասեմ, որ Եռաբլուրը տարբեր քաղաքական ուժերի կողմից դարձել է կռվան, և ակնհայտորեն կա տարրալուծում՝ քաղաքական մտածողություն ունեցող մարդկանց և զոհված զինծառայողների ծնողների միջև: Ես չեմ ասում՝ քաղաքական շահերի տարրալուծում: Կարծիքների, մոտեցումների տարրալուծում, որը բերում է նաև նրան, որ տարբեր խմբեր պարբերաբար հայտարարում են, որ այս կամ այն իշխանական ներկայացուցիչը, քաղաքական դերակատարը չպետք է մտնի Եռաբլուր: Ես կարծում եմ, որ սա պետք է փորձենք բացառել: Ես չեմ կարող դատապարտել որևէ ծնողի էմոցիոնալ պոռթկում, բայց դիսկուրսը, որ այս կամ այն պաշտոնյան չպետք է մտնի «Եռաբլուր», պետք է վստահորեն դադարեցվի, որովհետև Եռաբլուրը բոլորինն է, նաև այն մարդկանցը, ովքեր փորձում են իրենց հարգանքի տուրքը մատուցել:


  • Կիսվել: