կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Դիմադրություն» շարժման մասնակիցներն առավոտյան 09.00-ին կհավաքվեն Ֆրանսիայի հրապարակում. Սաղաթելյանը ներկայացրեց վաղվա օրակարգը

«Դիմադրություն» շարժման մասնակիցներն առավոտյան 09.00-ին կհավաքվեն Ֆրանսիայի հրապարակում. Սաղաթելյանը ներկայացրեց վաղվա օրակարգը

՛՛Դիմադրություն՛՛ շարժումը վաղը առավոտյան ժամը 09.00-ին կհավաքվի Ֆրանսիայի հրապարակում, ապա իր բողոքը կփոխանցի ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի հերթական նիստի մասնակիցներին: Այս մասին այսօր Ֆրանսիայի հրապարակում, ամփոփելով հանրահավաքն ու ներկայացնելով հաջորդ օրվա անելիքները, ասաց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց. ՛՛Այսօրվա մեր հնչեցրած պահանջները վաղը նույնպես հնչեցնենք, ձևակերպենք, որովհետև դա շատ կարևոր է։ Մենք միասին պայմանավորվել ենք, որ Հայաստան ժամանող ցանկացած պատվիրակության մեր ձայնը պետք է լսելի դարձնենք՛՛:

Սաղաթելյանը նաև նշեց, որ աշխատանքային քննարկումների մեջ են, որպեսզի շարժմանը նոր թափ հաղորդեն և պայքարը վերջնական և հաղթական ավարտին հասցնեն: Նա հավելեց, որ առաջիկայում հանդես կգան անելիքների մասին մանրամասն ծրագրային դրույթներով։

Հիշեցնենք, որ «Դիմադրություն» շարժմանը մասնակիցները քիչ առաջ երթ էին արել Երևանի փողոցներում, իսկ ավելի վաղը բողոքի ակցիա էին իրականացրել ԱԳՆ շենքի դիմաց, որտեղ ընթանում էր Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։

Հավելենք, որ այսօրվա հանրահավաքն ու երթն արդեն ավարտվել են, այս պահին Ֆրանսիայի հրապարակում մշակութային երեկո է՝ Դավիթ Ամալյանի մասնակցությամբ: 

 

  • Կիսվել: