կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Դասական համերգ՝ նվիրված հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 30 ամյակին

Դասական համերգ՝ նվիրված հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 30 ամյակին

Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի (ՄՄԳԿ) նախաձեռնությամբ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացավ համերգ և լուսանկարչական ցուցահանդես նվիրված հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 30 ամյակին:


2022-ը հոբելյանական տարի է, ուղիղ 30 տարի առաջ՝ 1992թ-ին, Հայաստանի և Ռուսաստանի միջև հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ։ Այս տարիների ընթացքում Ռուսաստանը դարձել է Հայաստանի առաջատար առևտրատնտեսական գործընկերը։ Դինամիկ կերպով զարգանում է Հայաստանի հետ համագործակցությունը և՛ հումանիտար և այլ ոլորտներում։

Այս տարի լրանում է նաև երկու երկրների միջև «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին» պայմանագրի ստորագրման 25-ամյակը։

«Վերջին 30 տարիների ընթացքում մեր հարաբերությունների բոլոր ոլորտներում մեծ և կարևոր դրական փոփոխություններ կան: Մենք սերտորեն փոխկապակցված ենք, ռազմավարական գործընկերներ ենք և մասնակցում ենք նույն ինտեգրացիոն միավորումներին։ Իսկապես, շատ սերտ հարաբերություններ են կապում Ռուսաստանին և Հայաստանին», - ասաց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Հայ - ռուսական հարաբերությունները, պահպանելով իրենց դարավոր ավանդական բարեկամական բնույթը, այսօր էլ զարգանում են ոչ միայն քաղաքական և տնտեսական ուղղություններով, այլև մշակույթի և արվեստի ոլորտներում, և այս միջոցառումը դրա վառ վկայություններից մեկն է: Ավելորդ է ասել, որ երկու ժողովուրդների մշակութային կապերը հարյուրամյակների պատմություն ունեն և հիմա էլ զարգանում են ժամանակի մարտահրավերներին համահունչ», - նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Այս տարի Հայաստանի անկախ Հանրապետությունը նշում է Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Երկու երկրների բարեկամական և եղբայրական հարաբերություններն ունեն բազմադարյա պատմություն։ Այդ հարաբերություններն, որոնք ակտիվորեն զարգանում են, ընդգրկում են բոլոր ոլորտները՝ անվտանգությունից մինչև մշակույթ, կրթությունից մինչև տնտեսություն։ Հուսով ենք, որ այս տարիների ընթացքում հայ-ռուսական հարաբերությունների շրջանակում ձեռք բերված ցուցանիշները կավելանան», - նշեց Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։

Համերգի աջակիցներն են ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը, ԿԳՄՍ նախարարությունը և Մոսկվայի կառավարությունը:

Երաժշտական ծրագիրը ներառում էր Առնո Բաբաջանյանի, Արամ Խաչատրյանի, Ալեքսանդր Սպենդիարյանի, Սերգեյ Ռախմանինովի, Գեորգի Սարաջևի և այլ կոմպոզիտորների ստեղծագործությունները:
Երաժիշտներ Արմինե Գրիգորյանի (դաշնակահար), Սոնա Բարսեղյանի (դաշնակահար), Կարեն Շահգալդյանի (ջութակ), Արծվիկ Դեմուրչյանի (սոպրանո), Հայկ Տիգրանյանի(բարիտոն) կատարմամբ հնչեցին անմահ ստեղծագործությունները:

Ցուցահանդեսին ներկայացված էին արխիվային բացառիկ փաստաթղթեր, հոդվածներ և հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների պատմությանն առնչվող տարբեր հիշարժան լուսանկարներ Հայաստանի ազգային արխիվի, հայկական «Արմենպրես» և ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունների արխիվից:

  • Կիսվել: