չորեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2026
Չպետք է ստորագրեինք Ադրբեջանի հետ մի փաստաթուղթ, որը սահմանափակում է ԵՄ-ի հետ մեր շփումները. Մարուքյան

Չպետք է ստորագրեինք Ադրբեջանի հետ մի փաստաթուղթ, որը սահմանափակում է ԵՄ-ի հետ մեր շփումները. Մարուքյան

Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել և պնդում է, որ Հայաստան–ԵՄ օրեր առաջ ստորագրված նոր փաստաթուղթը հակասում է խաղաղության օրակարգին։ Այս մասին Facebook–ի իր էջի ուղիղ եթերում նշեն է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Նրանք պնդում են, որ այդ փաստաթղթում չպետք է գրվեր, որ Լեռնային Ղարաբաղից փախստականներ կան Հայաստանի Հանրապետությունում։ Այնտեղ շատ մեղմ է գրված, գրված չէ, որ էթնիկ զտում է տեղի ունեցել, գրված է, որ փախստականներ կան Հայաստանի Հանրապետությունում։ Այնտեղ նաև նշված է Հայաստանում եվրոպական դիտորդական առաքելության մասին համապատասխան դրույթ, իսկ Ադրբեջանի ԱԳՆ–ն պնդում է, որ խաղաղության, այսպես կոչված պայմանագրի նախաստորագրված յոթերորդ հոդվածի համաձայն, այն նույնպես խնդրահարույց է։

Ընդհանուր առմամբ Ադրբեջանը գտնում է, որ Հայաստանի և Եվրոպական Միության միջև ստորագրված փաստաթուղթը հակասում է խաղաղության օրակարգին, ինչպես նաև շատ դժգոհ են մնացել, որ այնտեղ ոչ թե գրված է TRIPP, այլ խաղաղության խաչմերուկ, որը նրանք գտնում են, որ տարածաշրջանում չունի որևէ կոնսենսուս»։

Մարուքյանը հիշեցրեց, որ երբ այդ համաձայնագիրը նախաստորագրվել էր, և ցնծություն կար որոշակի շրջանակների կողմից, ինքը հենց այդ օրը պարզաբանել է, որ որ այս պայմանագրով երրորդ երկրների ուժերը չեն կարող տեղակայվել Հայաստանի և Ադրբեջանի սահմաններին. «Հենց առաջինը դիտորդական առաքելությունն է, որ պետք է պահանջեն, որ դուրս պետք է մղվի։ Եվ ահա առաջին ճիչը, առաջին արձագանքը Հայաստան–ԵՄ նոր ստորագրված փաստաթղթի վերաբերյալ։ Այսինքն պետք է մեր բոլոր հարաբերությունները համապատասխանեցնենք Ադրբեջանի պայմաններին։

Ի՞նչ պետք է անեինք, չպետք է ստորագրեինք Ադրբեջանի հետ մի փաստաթուղթ, որը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը սահմանափակում է Հայաստանի Հանրապետության ԵՄ-ի հետ շփումներում։ Նաև ապագայում դուք կտեսնեք, թե ինչ հարցերով, ինչ սահմանափակումներ ենք մենք ունենալու։

Իրազեկվե՛ք, սիրելի հայրենակիցներ, և տեսե՛ք, թե ինչ մարդիկ և ինչ ձևերով ձեզ ամեն օր խաբում էին, որ մենք ձեզ ստանում էինք ԵՄ-ը, և ինչ է տեղի ունենում իրենց նախաստորագրած փաստաթղթով։ ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացում սահմանափակվում է Ադրբեջանի պահանջով, իսկ մինչ օրս Ադրբեջանի բոլոր պահանջները Հայաստանի Հանրապետությունը հերթով բավարարել է»,– ընդգծեց նա։

  • Կիսվել: