ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Չկասկածեք մեր ուժերին, մենք ավելի ծանր օրեր ենք ունեցել նախկինում, հաղթահարել ենք, սա էլ ենք հաղթահարելու. Անդրանիկ Քոչարյան

Չկասկածեք մեր ուժերին, մենք ավելի ծանր օրեր ենք ունեցել նախկինում, հաղթահարել ենք, սա էլ ենք հաղթահարելու. Անդրանիկ Քոչարյան

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը ստեղծված իրավիճակում համերաշխության կոչ է անում։

«Առանց համերաշխության՝ մեր սահմանների խնդիրները չունեն լուծումներ։ Սահմանային խնդիրները, այն բոլոր ռեֆորմները, որ մենք սկսել ենք ու իրականացնում ենք առանց մեր ընդդիմադիր գործընկերների անում ենք, ու այն նպատակները, որ դրված էր՝ կասկածի տակ դնել մեր լեգիտիմությունը, մենք դա հաղթահարել ենք», - Ազգային ժողովում հայտարարեց ՔՊ-ականը։

Քոչարյանի խոսքով՝ սահմանին լարված իրավիճակ է ու իրավիճակը հաղթահարելու համար համերաշխություն է պետք։

«Պետք է իրագործել այն ծրագրերը, որը մեր ժողովրդին կտա վստահություն իր ուժերի նկատմամբ, իսկ այդ վստահության նկատմամբ երբեք կասկած չպետք է ունենալ ու չենք էլ ունենալու։ Կլինեն ժամանակավոր անհաջողություններ, այդ անհաջողություները նաև պետք է արագ ստանան իրենց լուծումները, բայց մեր Զինված ուժերի վստահությանը խոչընդոտող որևէ գործողություն պետք է դատապարտվի։ Պատերազմի ժամանակ չեն լինում անհանդուրժողականության իրավիճակներ,երեկվանից սկսած՝ ինչ-որ խմբեր, երգիչներ, պոետներ ու դրանից բխող այլ  անձնակազմ փորձում են երկրում մեր ուժերի  նկատմամբ անվստահություն սերմանել, չի կարող այդպես։ Հիմա էլ տարածել են, որ Ազգային ժողովի պատգամավորների տներն են գնալու, անհամբեր սպասում ենք բոլորիդ, համեցեք, բայց, կարծում եմ, որ սահմանի վրա են ձեզ սպասում ու այն «բուղեքը», որ երեկ Հովիկ Աղազարյանին դոշով բրդբրդում էին, չգիտեմ՝ Հայաստանի քաղաքացի են, թե չէ, թող պատրաստ լինեն՝ մենք իրենց կարիքը ունենք։ Ես ամեն ինչ անելու եմ, որ իրենք գան ու աջակցեն մեր Զինված ուժերին։ Չկասկածեք մեր ուժերին, մենք ավելի ծանր օրեր ենք ունեցել նախկինում, հաղթահարել ենք, սա էլ ենք հաղթահարելու ու գնալու ենք առաջ», - հայտարարեց Անդրանիկ Քոչարյանը։

  • Կիսվել: