երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Չկա ունիվերսալ մոդել և շատ դժվար է գտնել ԶԼՄ-ների իրական սեփականատերերին. Հակոբյան

Չկա ունիվերսալ մոդել և շատ դժվար է գտնել ԶԼՄ-ների իրական սեփականատերերին. Հակոբյան

ԶԼՄ-ների սեփականատարերի վերաբերյալ խնդիրը կա ամբողջ աշխարհում։ Այս մասին այսօր խորհրդարանում ասաց ՀՌԱՀ նախագահ Տիգրան Հակոբյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանի հարցին։

«Հայաստանը մաս է կազմում միջազգային հանրության, որն այսօր պայքարում է ԶԼՄ-ների բովանդակության որակի համար։ Բացի այդ, ԶԼՄ-ները ֆինանսական տեսակետից պետք է թափանցիկ լինեն, առաջին հերթին հասարակությունը, սպառողը պետք է իմանա, թե ով է սեփականատերը։ Այս խնդիրը կա ամբողջ Եվրոպայում և համոզված եմ՝ նաև Հայաստանում»,- ասաց պատգամավորը։

Տիգրան Հակոբյանը նկատեց, որ խնդիրն առկա է ամբողջ աշխարհում և տարբեր երկրներ դա յուրովի են լուծում։ Սակայն, ըստ նրա, ունիվերսալ մոդել դեռ չեն տեսել, որին կարող են հետևել։

«Օրինակ, Գերմանիայում բոլոր կուսակցություններին, կրոնական կազմակերպություններին թույլատրված է ունենալ հեռարձակում և դա բացատրում են նրանով, որ ավելի լավ է ընթերցողն ու հեռուստադիտողն իմանա, թե այն ում է պատկանում և ըստ այդմ՝ աշխատացնի իր քննադատական միտքը»,- նշեց Տիգրան Հակոբյանը։

Այդուհանդերձ, ըստ նրա, ունիվերսալ մոդել չկա և  շատ դժվար է գտնել ԶԼՄ-ների իրական սեփականատերերին։

  • Կիսվել: