երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Չկա որևէ երաշխիք, որ Ադրբեջանը չի խախտի Հայաստանի հետ հնարավոր համաձայնագրերը․ եվրապատգամավոր

Չկա որևէ երաշխիք, որ Ադրբեջանը չի խախտի Հայաստանի հետ հնարավոր համաձայնագրերը․ եվրապատգամավոր

Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի հարցը ամրագրված է փաստաթղթով, սակայն այս պահին այն փաստացի արգելափակված է։ Այս մասին Ստրասբուրգում ընթացող Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստին՝ «Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները և իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում» թեմայով քննարկման ժամանակ, հայտարարել է եվրապատգամավորներից Քերեն Մելքիորը, գրում է 1lurer.am-ը:

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է միջազգային դիտորդական առաքելություն՝ վեր հանելու, թե ինչպես պետք է ապահովվի միջանցքի հասանելիությունը։  

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղության պայմանագրին՝ պատգամավորը նշել է, որ նախկինում ստորագրված փաստաթղթերը խախտվել են, և չկա որևէ երաշխիք, որ Ադրբեջանը չի խախտի նորերը։

Պատգամավորի ելույթին արձագանքել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ նշելով, որ երբեմն համաձայնագրերի կատարումը հնարավոր չի լինում ապահովել, և իրավիճակը մտնում է փակուղի։

Բորելը կոչ է արել լավատես լինել, քանի որ փաստաթղթերի թեկուզ մասնակի կյանքի կոչմամբ հնարավոր է եղել կանխել զինված բախման հերթական բռնկումը տարածաշրջանում։

Արձագանքելով՝ պատգամավորն անդրադարձել է ռազմագերիների խնդրին՝ հարցնելով, թե ինչ քայլեր են ձեռնարկվում նրանց վերադարձն ավահովելու համար։ Բորելը պատասխանել է, որ նման խնդիրները կարող են լուծվել միայն շարունակական բանակցությունների միջոցով։

 

  • Կիսվել: