«Իսկ դուք ճշտե՞լ եք, թե Ադրբեջանում այս գործընթացը որ փուլում է, դե ճշտեք ուրեմն». Մհեր Գրիգորյանը՝ լրագրողներին
1975թ քարտեզ ասելով մենք ինչ ենք հասկանում. դա ԳՇ քարտեզներն են, որոնք կազմվել են 1974-78թթ, 1979թ մտել են ուժի մեջ, սակայն այդ քարտեզները միակ քարտեզները չեն, որոնք պետք է օգտագործվեն կամ կարծում եմ՝ կօգտագործվեն սահմանազատման գործընթացում։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ համաձայնեցված քարտեզ չկա, թեև նախկինում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի համար ընդունելի է 1975թ քարտեզը։
Գրիգորյանը վստահեցրեց, որ դեռ պայմանավորվածություն չկա, թե սահմանազատումը հաջորդիվ որ հատվածից պետք է իրականացվի։ Ըստ նրա՝ դա չի քննարկվել. «Պայմանավորվածությունը համատեղ գործունեության ընթացքում եղել է այն, որ այս փուլում կանոնակարգը կանցկացնենք ներպետական ընթացակարգերը, ընդունելուց հետո կփոխանակենք ծանուցումները, որից հետո կհանդիպենք և կքննարկենք հետագա հատվածների հարցը»,- ասաց Գրիգորյանը։
Թե երբ կլինի հանդիպումը՝ Գրիգորյանը նշեց, որ դեռ պետք է ավարտել այս գործընթացը:
Դիտարկմանը, կա՞ երաշխիք, որ Ադրբեջանն ավարտելու է այս գործընթացը, որովհետև Ադրբեջանը ևս պետք է հետ քաշվի մեր տարածքից, Գրիգորյանն արձագանքեց. «Մենք բավականին երկար քննարկել ենք կանոնակարգի նախագիծ, հետո կանոնակարգը ստորագրել են: Ի՞նչ երաշխիքի մասին է խոսքը, Դուք ինչպես եք պատկերացնում, որը կարող է լինել երաշխիքը»:
Մհեր Գրիգորյանը վստահեցրեց՝ չեն շտապում, հանգիստ ձևով սկսել են գործընթացը եւ այն տրամաբանությունը, որով շարժվում են, աշխատող տրամաբանություն է. «Իսկ դուք ճշտե՞լ եք, թե Ադրբեջանում այս գործընթացը որ փուլում է, դե ճշտեք ուրեմն: Երբ մենք կավարտենք, ու պարզ կդառնա, որ մենք շտապողականություն ենք դրսեւորում, իսկ դիմացի կողմը չի ավարտում, այդ ժամանակ այդ հարցը կտաք»:
Մհեր Գրիգորյանի խոսքով, հնարավոր չէ կանոնակարգում ֆիքսել կոնկրետ քարտեզ, որովհետեւ կախված նրանից, թե որ հատվածում է սահմանազատումն արվում, պետք է նշվի կոնկրետ քարտեզը, տարեթիվը, իսկ ԽՍՀՄ ԳՇ քարտեզները 1974-1979 թվականների են: