երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
«Չենք պատրաստվում ԼՂ-ում էթնիկ զտումներ կամ ցեղասպանություն իրականացնելու մանդատ տալ Ադրբեջանին». վարչապետ

«Չենք պատրաստվում ԼՂ-ում էթնիկ զտումներ կամ ցեղասպանություն իրականացնելու մանդատ տալ Ադրբեջանին». վարչապետ

Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության համար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջազգային մեխանիզմների, միջազգային երաշխիքների անհրաժեշտություն է տեսնում. Հայաստանը որևէ կերպ թույլ չի տալու, որ Ադրբեջանը ԼՂ-ում էթնիկ զտումներ իրականացնի:

Նիկոլ Փաշինյանն այս մասին ասաց ասուլիսում՝ պատասխանելով հարցին, թե Երևանը կո՞ղմ է, որ Արցախի ներկայացուցիչները գնան Բաքու՝ հանդիպման, քննարկումների, որի հրավերն արել էր Ադրբեջանի նախագահի աշխատակազմը:

«Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերը մեկ ամսվա ընթացքում Ադրբեջանի կողմից դարձան ինտեգրացիայի մասին խոսույթ:Մեր խնդիրն այն է, որ պետք է տեղի ունենա քննարկում: Այդտեղ էլ երաշխիքի խնդիր կա: Գնացին Բաքու՝ հետ կգա՞ն, թե ոչ. այդ հարցի պատասխանն ո՞վ է տալու»,- ասաց Փաշինյանը:

Փաշինյանը նշեց՝ դա քմահաճույք չէ, խոսողները պետք է լինեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ներկայացուցիչները:

«Երբ Հայաստանն այդ թեմայով խոսող առաջնային սուբյեկտն է, անընդհատ ԼՂ-ից լինում են խեթ հայացքներ, կասկածներ և այլն: Մենք կարծում ենք, որ ԼՂ ներկայացուցիչները իրենք պետք է խոսեն, որպեսզի  այդ պատասխանատվությունը լինի իրենց կողմից, նաև իրենց ակնկալիքների բավարարման և ձևակերպումների, սկզբունքների հետապնդման հնարավորություն ստանան: Եվ մենք կարծում ենք, որ դա ճիշտ ճանապարհ է, այլ բան, որ դա պետք է լինի արդյունավետ խոսակցություն»,- ասաց վարչապետը:

Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ է ներկայացում տեսանելի միջազգային մեխանիզմը՝ Փաշինյանն ասաց.

«Մեր ընկալումն այն է, որ լինի միջազգային մեխանիզմ, որ երաշխավորի այդ խոսակցության շարունակականությունը: Մենք չենք պատրաստվում որևէ կերպ Ադրբեջանին՝ ԼՂ-ում էթնիկ զտումներ կամ ցեղասպանություն իրականացնելու մանդատ տալ: Մենք մանդատ չենք տա, դա ակնհայտ է»:

Վարչապետը նկատեց՝ Լաչինի միջանցքի փակման առիթով մեծ միջազգային արձագանք եղավ, և շարունակում է լինել: Դա նշանակում է, որ միջազգային հանրությունը տեսնում է սպառնալիքն ու իր պատասխանատվությունն է զգում այս իրավիճակի վերաբերյալ:

«Մենք ասում ենք, որ պետք է լինի այդ միջազգային մեխանիզմը, որ ապահովի այդ խոսակցության շարունակականությունը: Մենք ունենք դրա մասին մեր պատկերացումները, մի քանի առաջարկներ ենք արել: Մենք առնվազն 2-3 այդպիսի մեխանիզմ նկարագրել ենք և պետք է շարունակենք այդ ուղղությամբ աշխատել: Փաստահավաք առաքելությունը, որի մասին ՀՀ-ն խոսում է, կարող է լինել այդ միջազգային երաշխիքի կամ մեխանիզմի մաս»,- ասաց Փաշինյանը:

  • Կիսվել: