Չեմ հասկանում զոհվածների անունները օր առաջ հրապարակելու պահանջը․ ՔՊ-ական պատգամավոր
Ռազմական իրավիճակ է և յուրաքանչյուր տեղեկատվություն պետք է ճշգրտված լինի և հստակ տեղեկատվություն պետք է հաղորրդվի հանրությանը։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով վերջին ռազմական գործողությունների արդյունքում զոհված զինծառայողների անունները հրապարակելու հարցին։
«Դրանք կարող են տևել մի քանի օր, մեր զոհված քույրերի ու եղբայրների ընտանիքները ՊՆ-ի կողմից տեղեկացվում են դրա մասին։ Ես չեմ հասկանում ձեր պահանջը՝ զոհվածների անունները օր առաջ հրապարակելու հետ կապված, երբ հստակ պարզ կլինի, կհրապարակվեն»,- ասաց պատգամավորը։
Հովհաննիսյանը նշեց, որ երկրում ռազմական իրավիճակ է և իրենք առաջնորդվում են ռազմական տրամաբանությամբ։
«Խնդրում եմ լրջորեն վերաբերվել այս ամեն ինչին ու ավելորդ էմոցիոնալ բնույթի հարցադրումներ չանել այս իրավիճակում»,- հավելեց Արթուր Հովհաննիսյանը։



