շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Չեմ բացառում, որ Ավինյանին չսիրող որոշ ՔՊ-ականներ կուզեին՝ «հարամ անեմ» նրա ֆանտազիաները, բայց չեմ պատրաստվում մասնակցել մայրաքաղաքի իշխանությունների ընտրություններին. Աշոտյան

Չեմ բացառում, որ Ավինյանին չսիրող որոշ ՔՊ-ականներ կուզեին՝ «հարամ անեմ» նրա ֆանտազիաները, բայց չեմ պատրաստվում մասնակցել մայրաքաղաքի իշխանությունների ընտրություններին. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հերթական հոդվածն է հարապարակել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից, որում անդրադարձել է Երևանի ավագանու ընտրություններին որպես քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու առաջադրվելու մտադրության մասին լուրերին։ Հոդվածն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Տեղեկացա, որ որոշ լրատվամիջոցներում շրջանառվեց իմ անունը որպես Երևանի գալիք ընտրություններին քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուի:

Բանտախցում չունեի հնարավորություն պարզելու նման քննարկումների սկզբանղբյուրը, սակայն տեսնելով իշխանական մամուլի ոգևորությունն այս կապակցությամբ, ուզում եմ արձագանքել, լրացնելով կուսակիցներիս կարծիքները:

Ես չեմ պատրաստվում որևէ կերպ մասնակցել մայրաքաղաքի իշխանությունների ընտրություններին: Նման մոտեցում ունի նաև իմ` Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, քանզի Հայաստանի և Արցախի առաջնահերթ խնդիրները որևէ կապ չունեն գործող վարչակազմի` Տիգրան Ավինյանին քաղաքապետի աթոռին նստացնելու խոնավ երազաների հետ:

Շնորհակալ լինելով բոլոր հնարավոր աջակիցներին և անկեղծորեն ինձ այդ գործում պատկերացնողներին` ասեմ նաև, որ իմ հիպոթետիկ առաջադրման հարցում իշխանական շահագրգռվածության 3 պատճառ եմ տեսնում:

1. Քաղաքական լրջություն հաղորդել «Ոսկե աշուն» փառատոնի մակարդակից էլ ցածր իջնող, մայրաքաղաքին վերաբերող, բայց գավառական դարձող այդ «իվենթին»:

2. Երևանի ընտրություններով զբաղեցնել հասարակությանը` Հայաստանի և Արցախի շուրջ սեղմվող կախաղանին զուգահեռ:

3. Չեմ բացառում, որ Ավինյանի չսիրող որոշ «բարձրաստիճան ՔՊ-ականներ կուզեին, որ ես «հարամ անեմ» նրա ֆանտազիաները:

Հ.Գ. Իմ հնարավոր առաջադրման հորինված թեման այնքան է ոգեշնչել լրագրողներից մեկին, որ նա հիմնավորել է դրա նպատակահարմարությունը, թեպետ, իր իսկ խոստովանությամբ, 2009-ին իմ նշանակումը որպես ԿԳ նախարար նախագահ Սարգսյանի կողմից դիտել է որպես «Կալիգուլայի ձիու սենատի անդամի նշանակում»։ Օգտվելով այս զուգահեռից և հիմնավորելու համար կալիգուլայից հետո «ձիերի» ապրած հավաքական էվոլյուցիան, անհամեստաբար պիտի նշեմ, որ «Սերժի ձին», անշուշտ, կրթության ոլորտի լավագույն մասնագետը չէր, բայց ծալած ուներ «Կալիգուլայի ձիուն» իր երեք օտար լեզուների իմացությամբ, հանրակրթական ոսկե մեդալով, բժշկական համալսարանի անվանական կրթաթոշակով, երկու առաջատար միջազգային բուհերում վերապատրաստումներով: Ուստի տվյալ համեմատությունն համոզիչ չէր: Սակայն եթե սկզբունքային է ինձ հենց ձիերի հետ համեմատելը, կարող եմ հուշել պատմական միֆերով հայտնի երկու ձի` Մակեդոնացու Բուցեֆալին և Եկատերինայի մտերիմին»:

  • Կիսվել: