հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ցայտուն է Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումը՝ խափանելու խաղաղության գործընթացը. Միրզոյան

Ցայտուն է Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումը՝ խափանելու խաղաղության գործընթացը. Միրզոյան

Սեպտեմբերի 14-ին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պատասխանել է ԱԺ պատգամավորների հարցրերին:

Մասնավորապես, պատասխանելով Վիգեն Խաչատրյանի հարցին, թե ինչ խնդրանքով ենք մենք դիմել ՀԱՊԿ-ին և ինչ պատասխան ենք ստացել, Միրզոյանը նշեց. ՛՛Բարև ձեզ, հարգելի խորհրդարան։ Ես և՛ ուղղակիորեն և՛, եթե թույլ կտաք, ոչ այնքան ուղղակիորեն պատասխանեմ Ձեր հարցին՝ բնականաբար արծարծելով այն թեմաները, որոնք վերաբերում են և բխում են հարցից՛՛։

Խոսելով Ադրբեջանի՝ ՀՀ-ի նկատմամբ սանձազերծած ագրսեիայի վերաբերյալ միջազգային  արձագանքի մասին՝ ԱԳ նախարարն ասաց. ՛՛Միջազգային արձագանքն Ադրբեջանի այս ագրեսիայի դեպքում մեծամասամբ բավականին հասցեական էր։ Անշուշտ մի շարք երկրների և կազմակերպությունների դեպքում ոչ այնքան հասցեական և ուղիղ արձանագրող, որքան որ մենք կցանկանայինք, և կհամապատասխաներ իրականությանը, բայց աշխատանքները տարվել են և հիմա էլ շարունակվում են։

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, ապա գիտեք, որ լինելու է դիտորդական առաքելություն։ Մենք կարծում ենք, որ այդ առաքելությունը կժամանի արդեն վաղը, մնացյալը՝ քննարկելի է և դեռ քննարկվում է։ Ընդհանուր առմամբ պետք է ասել, որ մեր դիմումը պատշաճ կարգով քննարկվել է Հավաքական անվտանգության խորհրդում։ Կրկնում եմ. որոշվել է ուղարկել դիտորդական առաքելություն, և մենք հուսով ենք, որ առաքելությունը վաղն արդեն կժամանի՛՛։

Նա անդրադարձավ նաև պատգամավորի դիտարկմանը, թե հաճախ է ապատեղեկատվություն տարածվում, մասնավորապես՝ ռուսական 3-րդ ալիքը տարածում է հետևյալ վերնագրով լուր՝ “Силы ОДКБ отказались поддержать Армению в конфликте”, և դեռ ավելին` խոսք են տալիս մի փորձագետի, որը պնդում է, թե իբր Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ի ուժերը մտցնել այն տարածք, որտեղ տեղակայված են ռուս խաղաղապահները, նկատի ունեն՝ Լեռնային Ղարաբաղ: Այս առնչությամբ նախարարն ասաց. ՛՛Մեդիա և փորձագիտական շրջանակների կարծիքին, և դա փոխկապակցված է նաև նախորդ հարցի հետ, կարծում եմ, որ մեր օրերում, երևի թե մոլորակի բոլոր երկրների մեդիա տարածքում բավականին մեծ խառնաշփոթ կա. դա վերաբերում է և՛ հայկական մեդիա տարածքին, և՛ ռուսական, և՛ ցանկացած այլ, և այստեղ զանազան փորձագետների, կամ պսևդոփորձագետների, կամ միտումնավոր ապատեղեկատվություն տարածողների պակաս անշուշտ չկա։ Բացառություն չէ նաև տվյալ դեպքը, որ Դուք մեջբերեցիք, և ես այդտեղ միտում չէի տեսնի։

Ի պատասխան՝ Վիգեն Խաչատրյանն ասաց. ՛՛Շնորհակալություն, ես ուզում եմ շեշտել, որ ի տարբերություն 44-օրյա պատերազմի օրերի, մենք նկատում ենք, որ հիմա Հայաստանը մենակ չի, և իրականում մենք տեսնում ենք լայն աջակցություն, որի համար ես իմ երախտագիտությունն եմ հայտնում մասնավորապես նաև Ձեզ` որպես արտաքին գործերի նախարարի, և ինձ թույլ կտամ ասել, որ հաշվի առնելով ռուսական քաղաքականության առանձնահատկությունը, երբ նրանք ասում են, որ մերժել են, ես սկսում եմ մտածել, որ մի լավ բան արել են: Շնորհակալություն՛՛:

՛՛Շնորհակալություն, հարգելի՛ պարոն Խաչատրյան։ Ողջ հարգանքով հանդերձ, այնուամենայնիվ, կհամաձայնեք, որ պարտավորություն չունեմ ծայրից ծայր համաձայնություն հայտնելու հնչեցրած մտքին և ես կօգտվեմ իմ այդ հնարավորությունից։

Ուզում եմ կրկին փաստել, այսպիսի իրավիճակում Հայաստանի դիմումով Հավաքական անվտանգության խորհրդի նիստ և, հետևաբար, նաև առաքելության ուղարկում Հայաստան դեռ չէր եղել, և հիմա այդ որոշումը կայացված է՛՛,-նշեց Արարատ Միրզոյանը։

Նա պատասխանեց նաև պատգամավոր Հովիկ Աղազարյանի հարցին, այն է՝ հավանական կնքվելիք խաղաղության պայմանագիրը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև արդյոք չպե՞տք է հաջորդի սահմանների ճշտգրտման և սահմանազատման գործընթացին:

Այս առնչությամբ նախարարն ասաց. ՛՛Պրակտիկայում, եթե միջազգային փորձն ուսումնասիրենք, երկու մոտեցումն էլ, ըստ էության, կիրառվել է, կիրառվում է. կարող է լինել խաղաղության կամ հարաբերությունների հաստատման, փոխադարձ ճանաչման պայմանագիր, որից բխեն այլ գործընթացներ, այդ թվում՝ և սահմանների սահմանազատման և սահմանագծման, կարող է լինել և հակառակը, փաթեթային, այսպես ասած, մոտեցմամբ. մի պայմանագրում բոլոր հարցերն ամենայն մանրամասնությամբ կարգավորեն, կարող են լինել նաև առանձին գործընթացներ. սահմանները սահմանազատվեն, կոմունիկացիաները տվյալ դեպքում ապաշրջափակվեն և հետո լինի վերջնական պայմանագիրը: Իրականում, իմ կարծիքով, կարելի է ճանաչման պայմանագիր կնքել, ամենաէական խնդիրներն այդտեղ հասցեագրել, և զուգահեռ գնան այնպիսի գործընթացներ, ինչպիսին է, օրինակ, սահմանազատման գործընթացը՛՛:

Աղազարյանի ճշտող հարցին, թե՝ հաշվի առնելով նաև վերջին իրողությունները՝ ավելի նպատակահարմար չէ՞ր լինի մեր դեպքում սկզբից այդ հարցը լուծել՝ սահմանների ճշգրտման, սահմանազատման՝ ԱԳ նախարարը պատասխանեց, որ տեսական քննարկումները կարող ենք, իհարկե, շարունակել, բայց սահմանազատման գործընթացին արդեն իսկ մեկնարկ տրված է, երկու երկրներում համապատասխան ազգային հանձնաժողովները ստեղծված են: Նրանք արդեն երկու հանդիպում ունեցել են, առաջին նախնական հանդիպումը տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծին, երկրորդ հանդիպումը՝ Մոսկվայում, նախատեսված է երրորդ հանդիպումը՝ Բրյուսելում:

՛՛Այսինքն հանձնաժողովի աշխատանքներն, ըստ էության, մեկնարկել են այսպես թե այնպես, և զուգահեռաբար մեկ-երկու հանդիպում առնվազն տեղի է ունեցել, որտեղ քննարկվել են խաղաղության պայմանագրի որոշ պարամետրեր: Ես չեմ կարող ասել, թե այստեղ մեծ առաջընթաց է տեղի ունեցել, բայց այս թեման ևս, այսպես թե այնպես, քննարկվել է:

Գիտեք, որ օգոստոսի 31-ին Բրյուսելում եռակողմ հանդիպման ժամանակ ևս մեր վարչապետի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ արտաքին գործերի նախարարություններն այս ամսվա ընթացքում, այս ամսվա վերջին ևս մեկ հանդիպում կունենան՝ քննարկելու խաղաղության պայմանագիրը, և այս կոնտեքստում առիթից ուղղակի ուզում եմ օգտվել և նաև այլ հարցի մասին խոսել:

Այս կոնտեքստում և այս ֆոնին առավել ևս ցայտուն է Ադրբեջանի, մեղմ ասած, ապակառուցողական դիրքորոշումը խափանել նաև խաղաղության գործընթացը. ես նկատի ունեմ այն ագրեսիան, որը մենք այս օրերին տեսնում ենք Ադրբեջանի կողմից ՀՀ-ի սուվերեն տարածքի նկատմամբ:

Ես ուզում եմ կրկնել, որ՝ այն պայմաններում, երբ մենք՝ Հայաստանը, ասում է, որ պաշտպանում է տարածաշրջանում խաղաղության և կայունության օրակարգը և պատրաստ է այդ բանակցություններին և մի քանի ուղղությունով արդեն իսկ շատ կառուցողական դիրքավորմամբ մասնակցում է բանակցություններին, այդ ֆոնին Ադրբեջանը ոչ միայն ապակառուցողական, առավելապաշտական վարքագիծ է դրսևորում բանակցությունների ընթացքում, այլև ահա այսպիսի ագրեսիա է ձեռնարկում ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ՛՛,-ասաց Արարատ Միրզոյանը:

  • Կիսվել: