հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ցավալի է, որ արտոնվեց Թուրքիային ներխուժել Կովկաս, նրանք մեծ ախորժակ ունեին, և այդ ախորժակը հիմա ուղղված է դեպի Հայաստան․ Հակոբ Տեր-Խաչատուրյան

Ցավալի է, որ արտոնվեց Թուրքիային ներխուժել Կովկաս, նրանք մեծ ախորժակ ունեին, և այդ ախորժակը հիմա ուղղված է դեպի Հայաստան․ Հակոբ Տեր-Խաչատուրյան

Մեզ արգելված է վհատվել և նույն վճռականությամբ նվիրվելու ենք հայ դատի պայքարին, որի բաղկացուցիչ մեկ մասն է Ցեղասպանության պահանջատիրությունը. Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը:

Խաչատուրյանը նշեց, որ ակնկալում են Ջո Բայդենի՝ Ցեղասպանության ճանաչման հայտարարությունը, որովհետև շարունակական աշխատանք է տարվել այդ ուղղությամբ.

«Մենք հսկայական բանակ ենք և հսկայական աշխատանքի շնորհիվ հասել ենք այս կետին: Ուրախ եմ, որ տքնաջան աշխատանքի շնորհիվ հասել ենք այս կետին և ԱՄՆ-ում թափ ստացած 2019-ի ծերակույտը և ներկայացուցչության տունը անցկացրել էին բանաձևը: Հուսանք՝ ճանաչումը կկայանա ԱՄՆ նախագահի մակարդակով, որը շատ կարևոր է, որովհետև Ամերիկայի օրենքով՝ երկրի արտաքին քաղաքականությունը երկրի նախագահի պատասխանատվության ներքո է»:

Անդրադառնալով Արցախի պատերազմին Թուրքիայի ներգրավվածության վերաբերյալ հարցին, թե Հայ դատի հանձնախմբերի համար արդյո՞ք գործունեության դաշտ չի բացել, Խաչատուրյանն ասաց՝ այդ ուղղությամբ քայլեր են իրականացվում, որ բացահայտվի Թուրքիայի ներգրավվածությունը պատերազմին.

«Ցավալի է, որ արտոնվեց Թուրքիային ներխուժել Կովկաս, նրանք մեծ ախորժակ ունեին, և այդ ախորժակը հիմա ուղղված է դեպի Հայաստան, այդ առումով մեծ անելիքներ ունենք: Մեծ անելիք ունենք նաև գերիների հարցով և «Դաշնակցության» հիմնած իրավաբանական հիմնարկը դատ է հարուցել Թուրքիայի և Ադրբեջանի դեմ գերիների հարցով: Գործնական իմաստով ունենք գերիների հարցը, պատերազմական ոճիրի հարցը և Ցեղասպանության ճանաչման հարցը»:

Հարցին՝ խոսվում է տարածաշրջանային մոտեցումներում շտկումներ մտցնելու և Թուրքիայի հետ երկխոսության մասին, ո՞ր պարագայում կարող ենք թուրքերի հետ երկխոսել, Խաչատուրյանն ասաց, որ նախկինում էլ ևս, երբ հարաբերությունների լավացման քայլեր են արվել, իրենք խիստ հակազդել են.

«Մեզ համար խնդիրն այն չէ, որ սահմանները փակ են կամ բաց են, Թուրքիան ինքն է փակել այս սահմանները, եթե ուզում է բացել, իր գիտենալիքն է, բայց որևէ զիջում հայկական կողմից չպետք է լինի: Եթե այս ընթացքով վերսկսվի հայ-թուրքական խաղաղության, հաշտեցման շրջան, մեզ համար բոլորովին մերժելի է: Խաղաղությունը մեկ օր պետք է հաստատվի, բայց դրա հիմնական նախապայմանը մեր կողմից պետք է լինի՝ Թուրքիայի կողմից իր պատմության հետ առերեսումը, Ցեղասպանության ճանաչումը և հատուցումը»:

Հարցին, թե Ցեղասպանության ճանաչումը շոշափելի առումով ի՞նչ կարող է տալ Հայաստանին, Խաչատուրյանն ընդգծեց, որ պատմական իրողության ճանաչումն ունի քաղաքական նշանակություն, և այն երկրները, որոնք տատանվում են Ցեղասպանության ընդունման հարցում տեսնեն, որ Ամերիկայի նման հզոր պետությունը Թուրքիայի սպառնալիքին տեղի չի տվել.

«Թուրքիայի այն թեզը, որ կան երկրներ, որ ամբողջական ճանաչում չեն տվել, այդ թեզը կանհետանա, և մեր վերջնական նպատակը Թուրքիայի ճանաչման և հատուցման հարցն է: Մենք շարունակելու ենք մեր պահանջատիրական պայքարը: Դրա համար ստեղծել ենք հիմնարկ, որի տնօրեն խորհուրդը բոլոր տեղերում է, որն ակնկալում ենք պահանջատիրական ցուցակը: Պետք է լինի մեր համազգային պահանջների խորհրդանիշը: Այս իշխանությունները շատ հեռու են այդ քայլն անելուց, բայց մենք շարունակաբար պնդելու ենք, որ անկախ իշխանությունից՝ երկիրը պետք է ունենա պետական քաղաքականություն, որի առանցքներից մեկը Ցեղասպանության հարցն է»:

  • Կիսվել: