ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Բոլորս համոզվեցինք՝ մեր երկրում կա այն կարող ուժը, որը կարող է թելադրել իր կամքը․ Կարին Տոնոյան

Բոլորս համոզվեցինք՝ մեր երկրում կա այն կարող ուժը, որը կարող է թելադրել իր կամքը․ Կարին Տոնոյան

5165 շարժման անդամ Կարին Տոնոյանը ֆեսյբուքյան գրառմամբ անդրադարձել է գիշերը Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձություններին։ Նա մասնավորապես գրել է․

«Օրն անցավ....
Ես տեսա այն ժողովրդին, որին պաշտում եմ, որին միշտ հավատացել եմ, որի ուժը միշտ զգում եմ ու զորավիգ կանչում:
Տեսա նաև բոլոր այն սադրիչներին և «կազմակերպված ուժերին», որոնք ամեն ինչ արեցին, որ այս ինքնաբուխ հավաքը տանեն իրենց ցանկալի ուղղությամբ, խոչնդոտեն ու վերածեն քաոսի: Գիտենք, թե ովքեր են կանգնած այդ ուժերի հետևում, բոլորին գիտենք, շատերը նույնիսկ մոռանում են, որ տեսել ենք իրենց անգամ տարբեր ճակատների հավաքներին, բայց այս անգամ դա ձեզ չստացվեց:

Ինչևէ, օրը եզակի էր, և ուղղակի արձանագրենք արդյունքները. 
արդեն ժամը 8-ին, հավանաբար Նիկոլի քարդաշական խնդրանքով, թե «կանգնեցրու, ինձ էստեղ ուտում են արդեն» ալիևը դադարեցրեց կրակը սահմաներին.... 
նույն ինքը  «անվարան ստորագրող հերոսը» բառացիորեն ժամեր անց շտապեց հերքել ինքն իրեն, թե սխալ եք հասկացել, ես ոչ մի թուղթ էլ չեմ ստորագրելու, բլաբլա, բլաբլա.....
հաջորդը՝ ի վերջո, ժողովրդի պահանջով մեր ընդդիմադիր պատգամավորները ստորագրեցին վարչապետին անվստահություն հայտնելու փաստաթուղթը, թեև առանց վարչապետի թեկնածուի, գուցե թողնելով, որ ժողովուրդն ինքը առաջարկի իր թեկնածուին..... 
Փորձեցինք այցելել մի քանի ՔՊ պատգամավորի, բայց միայն պարզեցինք, որ նրանք ունեն բազմաթիվ հասցեներ, և պետք է նախ իրենցից ճշտել, թե այդ պահին ո՞ր բնակարանում կամ ամառանոցում են գտնվում, նոր այցելել..... ուստի դա կանենք հաջորդիվ:

Ի վերջո, բոլորս համոզվեցինք, որ մեր երկրում կա՛ այն կարող ուժը, զանգվածը, որը կարող է թելադրել իր կամքը և միայն նրան առաջնորդող ուժ է պետք, ուժ, որն ունի համապատասխան կամք և նվիրում, գիտի ինչ գործողություններ պետք է արվեն քայլ առ քայլ, և ինչպես պետք է մեր երկիրը դուրս գա այս վիճակից: Ես համոզված եմ, որ այդ մարդիկ կան և շատ արագ կձևավորվի այդ խումբը: Այսօր նրանք անհատապես էին հանդես գալիս, կամ պարզապես ներկա էին, հարկավոր է միայն նրանց արագ համախմբել:

  Իսկ արդեն այսօր պետք է շարունակել այս օրինական պայքարը  և, մինչև արթնանաք, ես կփորձեմ ներկայացնել նաև գործողությունների այն ծրագիրը, որը պետք է իրագործել հստակ քայլերով, անկոտրում համառությամբ և  մեծագույն սիրով մեր երկրի ու ժողովրդի նկատմամբ: 
  Խաղաղ առավոտ մեր երկրին և մեզ հզոր կամք»:

 

  • Կիսվել: