չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Բլինքենն Ալիևի հետ զրույցում ընդգծել է ԼՂ բնակիչների իրավունքների և երաշխիքների վերաբերյալ քննարկումների կարևորությունը

Բլինքենն Ալիևի հետ զրույցում ընդգծել է ԼՂ բնակիչների իրավունքների և երաշխիքների վերաբերյալ քննարկումների կարևորությունը

ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնել են ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայությունից։

Նշվում է, որ Բլինքենը երախտագիտություն է հայտնել դրական քայլերի համար, որոնք Ադրբեջանը և Հայաստանը ձեռնարկում են կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու ուղղությամբ՝ ներառյալ վերջերս ԱԳ նախարարների և ղեկավարների միջև ուղիղ բանակցությունները:

Պետքարտուղար Բլինքենը ողջունել է հոկտեմբերի 4-ին Ադրբեջանի կողմից 17 ռազմագերիների ազատ արձակումը և կոչ է արել նախագահ Ալիևին՝ շարունակել աջակցել խաղաղ գործընթացին։

Բացի այդ՝ Բլինքենը կրկնել է ԱՄՆ-ի աջակցությունը՝ ներառյալ սահմանների հստակ սահմանազատման, տրանսպորտային կապերի, անհայտ կորածների որոնման և նույնականացման, ռազմագերիների վերադարձի և այլ հարցերում: Նա ընդգծել է նաև Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքների և երաշխիքների վերաբերյալ քննարկումների կարևորությունը:

Նա նաև անհրաժեշտ է համարել, որ երկու կողմերը պահպանեն հրադադարի ռեժիմը և կենտրոնանան բանակցված համաձայնագրի վրա՝ որպես կայուն խաղաղության միակ ճանապարհ։

  • Կիսվել: