«Բարգավաճի ալյուր բաժանել», «զինվորական ծառայության». «պերֆորմանսի տեղ չի». Ռուբինյանը 2 անգամ անջատեց Ղազարյանի խոսափողը
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը այսօրվա նիստում 2 անգամ կարգադրեց անջատել «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի խոսափողը։
Ղազարյանն ընդգծեց, որ յուրաքանչյուր պատգամավոր ինքն է որոշում, թե իր հասանելիք ժամանակահատվածը՝ հարց հնչեցնելու, ինչպես տնօրինի, ի՞նչ հարց ձևակերպի, ի՞նչ բովանդակությամբ դա ձևակերպի և ինչպես դա ներկայացնի։
«Ազգային ժողովի նախագահ կլինի, թե տեղակալ՝ պետք է իմանա, որ ինքը Ազգային ժողովի 105 պատգամավորներից մեկն է ընդամենը, և մյուսներից տարբերվում է միայն նրանով, որ Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքով պարտավոր է ծառայություններ մատուցի մյուս պատգամավորներին։
Այսինքն, այդ ծառայություններ մատուցելը, դա պատգամավորի որևէ իրավունքի խախտման հնարավորություն չի տալիս որևէ մեկին։ Ես կարծում եմ, այս մեթոդական ուղեցույցը կուղեկցի ընտրված և ընտրվելիք նախագահին ու փոխնախագահին առաջիկա ողջ ժամանակահատվածում»։
Այնուհետև Ղազարյանը սկսեց իր գրառումներն ուսումնասիրել ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանին հարց ուղղելու համար ու սկսեց կիրսաձայն ընթերցել գրառումները. «Բարգավաճի ալյուր բաժանել… բայց դա մենակ Վիքիպեդիայում էր, զինվորական ծառայության մասին էլ շատ է խոսվել…»։
Ռուբինյանը պահանջեց անջատել Ղազարյանի խոսափողը։ «Դուք ճիշտ եք, որ Ազգային ժողովի նախագահը պետք է ապահովվի նիստի բնականոն ընթացքը, իրավունք տա մարդկանց հարցեր տալ և խոսել, բայց ԱԺ նախագահը և ընդհանրապես տվյալ դեպքում նիստի բնական ընթացք ապահովելը նաև ենթադրում է պատշաճ հարգանք պատգամավորների միջև, և ամենակարևորը պատշաճ հարգանք այս դահլիճի հանդեպ։
Սա պերֆորմանսի վայր չի, կամ եթե ուզում եք պերֆորմանս անել՝ արեք, բայց գոնե քաղաքական պերֆորմանս արեք»։



