ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Բաքվի ախորժակը օր օրի ավելի է մեծանում, իսկ ՀՀ իշխանությունների կեցվածքը՝ ստեղծում բոլոր նախադրյալները դրա համար. Վանեցյան

Բաքվի ախորժակը օր օրի ավելի է մեծանում, իսկ ՀՀ իշխանությունների կեցվածքը՝ ստեղծում բոլոր նախադրյալները դրա համար. Վանեցյան

Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ ագրեսիայի դիմելով՝ Ադրբեջանը կոնկրետ խնդիրներ է փորձում լուծել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Բաքվի նպատակները շատ հստակ են, և, օգտվելով մի շարք հանգամանքներից, այդ թվում՝ միջազգային հանրության ոչ բավարար, ոչ հասցեական արձագանքներից ու գնահատականներից, հակառակորդը փորձում է ուժի կիրառմամբ հասնել այդ նպատակներին։

Արդյոք այսօր ստեղծված իրավիճակը անակնկա՞լ է մեզ համար՝ իհարկե ո՛չ։ 2020-ի նոյեմբերի 9-ի խայտառակ փաստաթղթի ստորագրումից հետո պարբերաբար խոսել ենք այն մասին, որ պարտության խորհրդանիշ դարձած իշխանությունների մնալը նոր պարտություն ու նոր արհավիրք է բերելու, և 2020-ի նոյեմբերից 9-ից հետո բազմաթիվ առիթներ ենք ունեցել դրանում համոզվելու։

Հիշենք բանավոր պայմանավորվածություններով թշնամուն տարածքներ հանձնելը, GPS-ով սահմաններ գծելը, 2021-ի մայիսին թշնամու անարգել ներխուժումը Հայաստանի սուվերեն տարածք․․․

Պարտադրված զիջումներն արդարացնելու համար իշխանությունները հերթական անբարո ձեռագիրն էին որդեգրել՝ ահաբեկելով ժողովրդին նոր պատերազմով։ Ի դեպ, ժողովրդին ահաբեկում էին նաև ընդդիմության գործոնն օգտագործելով՝ պնդելով, թե վերջինիս՝ իշխանության գալու պարագայում նոր պատերազմ է լինելու։ Այս մասին շատ ենք խոսել՝ հիմնավորելով, որ հենց իրե՛նց մնալն է պատերազմն անխուսափելի դարձնում․․․ Վարչապետի պաշտոնը զբաղեցնողն ամեն օր խոսում էր խաղաղության հասնելու իրենց պատրաստակամության մասին՝ զուգահեռաբար վախեցնելով նոր պատերազմի հավանականությամբ։ Ի՞նչ է սա, եթե ոչ տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ։ Եվ այս ձեռագիրը շարունակվում է նաև այսօր։

Վարչապետի պաշտոնը զբաղեցնողը երեկ ԱԺ ամբիոնից հայտարարեց այն մասին, որ պատրաստ են ստորագրել թուղթ, որի արդյունքում իրենց «լիքը մարդ դավաճան կասի», բայց իրենք «էլի գոհ ու շնորհակալ կլինեն, եթե դրա արդյունքում Հայաստանի Հանրապետությունը 29,800 ք/կմ տարածքով ստանա տևական խաղաղություն և անվտանգություն»։ Իսկ մեկ օր առաջ նույն ԱԺ ամբիոնից խոսում էր թշնամու տարածքային նկրտումների մասին՝ Նռնաձորից մինչև Երևան։ Մոտեցումը նույնն է, իսկ նպատակը՝ Արցախից ու Արցախի հայության ինքնորոշման պայքարին աջակցելուց ՀՀ իշխանությունների փաստացի հրաժարումն արդարացնելը․․․

Այսօր Ադրբեջանի իրականացրած հերթական ագրեսիան վառ ապացույցն է նրա, որ այս իշխանությունները տապալել են բոլոր ոլորտներում՝ դիվանագիտականից մինչև պաշտպանական, և, ցավոք, նորից համոզվեցինք, որ այդ ամենի արդյունքում հերթական պատերազմի առաջ կանգնեցինք։

Բաքվի ախորժակը օր օրի ավելի է մեծանում, իսկ Հայաստանի իշխանությունների կեցվածքը՝ ստեղծում բոլոր նախադրյալները դրա համար։

Այս ամենն հանդուրժելու իրավունք այլևս չունենք։ Եվ երեկ գիշեր Երևանում, Գյումրիում, Ստեփանակերտում հավաքված տասնյակ հազարավոր մեր հայրենակիցները հաստատեցին սա։ Ինքնաբուխ հավաքի ելած ժողովուրդը ցույց տվեց իր ուժը, և պատահական չէ, որ մարդկանց՝ փողոց դուրս գալուն զուգահեռ վարչապետի պաշտոնը զբաղեցնող խաբեբան սկսեց արդարանալ ու հրաժարվել իր խոսքերից։ Ցավոք, այս ձեռագիրն էլ նորություն չէր․․․

Սիրելի՛ հայրենակիցներ,

Սահմանին կանգնած մեր որդիներն ու եղբայրներն այսօր աննկարագելի խիզախություն են դրսևորում՝ թշնամու առաջխաղացումը կասեցնելու ու հայրենիքի սահմանները պաշտպանելու գործում։ Մեր տղաների թիկունքն ամուր պահելու համար այս իշխանություններից ներքին պիտի ազատվենք՝ ժամ առաջ, րոպե առաջ։

Փառք ու պատիվ հայ զինվորին, հավերժ փառք հայրենիքի համար ընկած քաջերին՛՛:

  • Կիսվել: