Բաքուն ասում էր, որ երկաթուղու երկայնքով պետք է տեղակայվեն ռուսական զորքեր. դա մեզ համար անընդունելի էր. Միրզոյան
Մենք այն տպավորությունն ունենք, որ մի քանի ամսվա և տարվա բանակցությունների ընթացքում ադրբեջանական կողմը փորձում էր այս տարածքի համար (Սյունիքի - խմբ.) ստեղծել ինչ-որ արտատարածքային միջանցք: DW-ին տված հարցազրույցում այսպիսի կարծիք է հայտնել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Օրինակ՝ նրանք պահանջում էին, որ այս երկաթուղու երկայնքով տեղակայվեն երրորդ երկրի զինված ուժեր։ Հիշում եմ, թե ինչպես էին նրանք ասում, որ երկաթուղու երկայնքով պետք է տեղակայվեն ռուսական զորքեր։ Սա, իհարկե, մեզ համար անընդունելի էր։ Միջանցք չկա, այլ կա «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի երթուղի»»,-նշել է նա:
Միրզոյանը նաև հավելել է. «Փաստն այն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը վաղուց են քննարկում տրանսպորտային հաղորդակցությունների և տարանցիկ ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցը։ Սա չափազանց կարևոր է։ Տրանսպորտային հաղորդակցությունների և տարանցիկ ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցը ամբողջ բանակցային գործընթացի ամենակարևոր կողմերից մեկն է, և նրանք նաև ճանաչեցին, որ ապաարգելափակվող ենթակառուցվածքները պետք է շահագործվեն տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության և ինքնիշխանության համաձայն»:


