Բանակցային գործընթացը փակուղի է մտել, այսօր պատերազմի վտանգը չափազանց մեծ է. Սերժ Սարգսյան
Իմ այսօրվա ասելիքը պայմանավորված է նրանով, որ իրադարձություններ են տեղի ունենում և մեր երկրում, և մեր երկրի շուրջ, և այդ իրադարձությունները, իմ պատկերացմամբ, սերտ շաղկապված են նաև Ապրիլյան իրադարձությունների հետ: Այս մասին հրավիրված ասուլիսին հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Անդրադառնալով հարցին՝ նա ասել էր` քառօրյայի մասին կխոսի արտակարգ դրությունից հետո, մինչդեռ հիմա է ասուլիս հրավիրել, արդյոք սա նշանակո՞ւմ է, որ ասելիք ունի մինչև զեկույցի հրապարակումը:
«Ապրիլյան պատերազմը շատ սերտ շաղկապված է Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի Հանրապետության պաշտպանության և անվտանգության հետ, ուստի դա մեր ժողովրդի կենսական հարցերից մեկն է: Ապրիլյան պատերազմը շատ սերտ շաղկապված է Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի հետ, որ ցավոք սրտի, իմ կարծիքով` կա'մ փակուղի է մտել, կա'մ ընթանում է ոչ այնպես, ինչպես ես եմ պատկերացնում՝ դրանով ավելացնելով պատերազմի վտանգը։
Եթե իմ ասածները նույնիսկ հանրագումարի բերենք, ես կարող եմ ասել՝ այսօր պատերազմի վտանգը չափազանց մեծ է: Իսկ յուրաքանչյուր մարտական գործողություն, յուրաքանչյուր պատերազմ լինի քառօրյա, յոթնօրյա, ավելի երկար, թե կարճ, ճիշտ ուսումնասիրելու, ճիշտ հետևություններ անելու անհրաժեշտություն ունի»,- ասաց նա:


