երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Բալասանյանի մետամորֆոզը ըստ Վահրամ Աթանեսյանի

Բալասանյանի մետամորֆոզը ըստ Վահրամ Աթանեսյանի

Ուշադիր մարդիկ կհիշեն, որ 2016թ. ամռանը, երբ նախագահ Սերժ Սարգսյանը Ստեփանակերտում ԼՂ կարգավորման հարցով քննարկումներ էր անցկացնում, մի շարք լրատվամիջոցներ գրեցին, որ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը «դուռը շրխկացրել է եւ ասել, որ հող հանձնողին կգյուլլի»:

Բալասանյանն այն ժամանակ չհերքեց այդ հրապարակումները, իսկ 2018-ի ապրիլյան իշխանափոխությունից հետո մշտապես քննադատում էր Նիկոլ Փաշինյանին, որ Դուշանբեում «Իլհամ Ալիեւին փաստաթուղթ է փոխանցել»: Նրա ասածից հասկացվում էր, որ Փաշինյանը ԼՂ հարցում «պատրաստ է զիջումների»: Հայաստանի անկախության տոնին Վիտալի Բալասանյանն այցելել է Եռաբլուր եւ պատասխանել լրագրողների հարցերին: Նա մասնավորապես ասել է, որ Հայաստանի քաղաքական իշխանության առաջին դեմքի կողմից բանակցությունները մտցվել են փակուղի:

Վիտալի Բալասանյանը տեւական ժամանակ զբաղեցրել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը եւ անկասկած գիտի, թե ինչ սկզբունքների եւ առաջարկությունների վրա է կառուցված ԼՂ կարգավորման բանակցային գործընթացը:

Դա գաղտնիք չէ անգամ փորձագետների համար. միջնորդներն առաջարկում են առաջին փուլում հայկական զորքերը դուրս բերել Աղդամից, Ֆիզուլիից, Ջեբրայիլից, Զանգելանից եւ Ղուբաթլուից, որից հետո Արցախը կստանա միջանկյալ կամ անցումային կարգավիճակ, կբացվեն կոմունիկացիաները, փախստականները եւ ներքին տեղահանվածները կվերադառնան բնակության նախկին վայրեր, այդ թվում եւ՝ Շուշի, իսկ ԼՂ վերջնական կարգավիճակի հարցով հանրաքվեից հետո հայկական զորքերը կթողնեն նաեւ Քելբաջարի շրջանը եւ Լաչինի շրջանի ոչ միջանցքային հատվածները:

«Եթե կարգավորման այս տարբերակին Վիտալի Բալասանյանը դեմ է, ապա բանակցությունները փակուղի մտցնելու համար չպետք է քննադատի վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ընդհակառակը, պետք է ողջունի եւ օգնության ձեռք մեկնի նրան, որպեսզի միասնաբար հնարավոր լինի գտնել կարգավորման ավելի ընդունելի, նվազ ցավոտ տարբերակ: Բայց Վիտալի Բալասանյանը Նիկոլ Փաշինյանին քննադատում է բանակցությունները փակուղի մտցնելու եւ Հայաստանը պատերազմական իրավիճակի մեջ ներքաշելու համար:

Հետեւաբար՝ Բալասանյանը կողմ է, որ բանակցությունները շարունակվեն նախկին սկզբունքներով եւ դրանցից բխող առաջարկությունների հիման վրա: Ինչ խոսք, դա նրա իրավունքն է՝ պաշտպանել կարգավորման այս կամ այն տարբերակը: Արտառոցն այն է, որ Բալասանյանը «հող հանձնողին գյուլլողից» վերածվել է Մադրիդյան սկզբունքներով ԼՂ կարգավորման ջատագով: Բայց ինչու՞ այդ մասին բաց չի խոսում: Գուցե ժողովրդի մեծամասնությունը հենց ա՞յդ տարբերակն է նախընտրում»,- գրում է քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը:

 

  • Կիսվել: