երեքշաբթի, հուլիս 28
28 / 7 / 2026
Բացի հայտարարություններից և փաստաթղթերից, որոնք ներկայացվել են, կա ևս մեկ պայմանավորվածություն՝ Դավիթ Բեկ-Գորիս ճանապարհահատվածի վերաբերյալ. Ավինյան

Բացի հայտարարություններից և փաստաթղթերից, որոնք ներկայացվել են, կա ևս մեկ պայմանավորվածություն՝ Դավիթ Բեկ-Գորիս ճանապարհահատվածի վերաբերյալ. Ավինյան

Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՛՛Լուսավոր Հայաստան՛՛ խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանն անդրադարձավ Հայաստան-Ադրբեջան սահմանին։

Պատգամավորը հետաքրքրվեց՝ այս հատվածում լինելու է նույնպիսի՞ շփման գիծ, ինչպիսին Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանում է եղել, թե՞ ունենալու ենք այլ տրամաբանությամբ կառուցված սահման, ինչպես, օրինակ, Թուրքիայի հետ է։

Սիմոնյանը նշեց, որ Փաշինյանն ու փոխվարչապետը հավաստիացրել են, թե Ադրբեջանի հետ որևէ փաստաթուղթ այս առումով ստորագրված չկա, սակայն նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն իր էջում հրապարակել էր հայ-ադրբեջանական հուշագիր, որտեղ նշված են որոշակի սկզբունքներ, սահմաններ։ Նա հարցրեց. ՛՛Արդյոք ՀՀ-ն և Ադրբեջանը, բացառությամբ նոյեմբերի 10-ի և հունվարի 11-ի, ունե՞ն ստորագրած որևէ փաստաթուղթ՛՛։

Հարցին պատասխանեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ հարցին պատասխանելու դեպքում որոշակի պետական գաղտնիքների պետք է անդրադառնա, ինչն ԱԺ ամբիոնից անել չի կարող։

Ավինյանը, մասնավորապես, ասաց. ՛՛Եկեք նմանատիպ քննարկումները հանրայնորեն չանենք, և եթե նմանատիպ հարցեր կան, որոնք անվտանգային միջավայրին են վերաբերում, և դետալների մասին է խոսքը, կարծում եմ՝ համապատասխան հանձնաժողովներում կարող եք անել հանդիպումներ, լսումներ, հրավիրել ՊՆ, ԳՇ, ԱԱԾ ներկայացուցիչներին, տեղեկանալ՛՛։

Պատգամավորն արձագանքեց՝ միջազգային փաստաթղթում կարող են լինել պետական գաղտնիքներ, բայց բուն պայմանագրի առկայությունը գաղտնիք լինել չի կարող։ Նա ընդգծեց հարցը՝ վերը նշված երկու հայտարարություններից բացի՝ կա՞ այլ կնքված փաստաթուղթ՝ առանց ՌԴ միջնորդության։

Ավինյանը պատասխանեց, որ ինքը տեղեկացված չէ առանց ՌԴ միջնորդության որևէ փաստաթղթի մասին։ ՛՛Բացի հայտարարություններից, որոնք արվել են, և փաստաթղթերից, որոնք ներկայացվել են, կա ևս մեկ պայմանավորվածություն՝ Դավիթ Բեկ-Գորիս ճանապարհահատվածին վերաբերող, քանի որ ճանապարհը վիճարկելի հատվածներով էր անցնում։ Բացի մյուս հայտարարություններից՝ միակ պայմանավորվածությունն է ինձ հայտնի՛՛,-նշեց նա:

  • Կիսվել: