երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Բացառված է, որ Հայաստանին բանակցային բովանդակություն պարտադրվի. Նիկոլ Փաշինյանի կոչը Ալիևին

Բացառված է, որ Հայաստանին բանակցային բովանդակություն պարտադրվի. Նիկոլ Փաշինյանի կոչը Ալիևին

Քանի որ հայ ժողովուրդը վախերի պրիզմայով՝ առավելևս Արցախի հարցը ընկալելու սովորություն, մշակույթ չունի, և մենք ասել ենք, որ բացառված է, որ Հայաստանի Հանրապետությանը բանակցային բովանդակություն պարտադրվի: Այս մասին ԱԺ-ում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից հնչող հայտարարություններին:

Նա նշեց, որ այն բովանդակությունը, որը Կառավարությունը 2018-ից հետո դրել է Ղարաբաղի հարցի և տարածաշրջանային քաղաքականության հիմքում, հենված է խաղաղության բովանդակության վրա, և դա տեսանելի է միջազգային հանրության համար:

«Այն քաղաքականությունը, որն Ադրբեջանը երկար ժամանակ վարում է, հենված է ռազմաշունչ հայտարարությունների տրամաբանության վրա: Կարծում եմ, որ այդ հայտարարությունների հիմնական նպատակն այն է, որ Արցախի ժողովուրդը, Հայաստանի ժողովուրդը Ղարաբաղի հարցի կարգավորման ամբողջ պրոցեսն ընկալեն վախերի պրիզմայով: Միայն այդ պարագայում կարող էր այդ քաղաքականությունը պայմանականորեն լինել արդյունավետ:

Բայց քանի որ հայ ժողովուրդը վախերի պրիզմայով՝ առավելևս Արցախի հարցը ընկալելու սովորություն, մշակույթ չունի, և մենք ասել ենք, որ բացառված է, որ Հայաստանի Հանրապետությանը բանակցային բովանդակություն պարտադրվի: Ու քանի որ այս հանգամանքների բերումով ռազմաշունչ տրամաբանությունը արդյունավետ չէ, հայտնվում է տեղապտույտի մեջ: Եվ Ադրբեջանի իշխանությունը սեփական ժողովրդին խնդիր ունի բացատրելու, թե ինչու արդյունքի չեն հասնում: Եվ այդ հարցին պատասխանելու համար ևս մեկ աստիճանով բարձրացնում է իր ռազմաշունչ հռետորաբանությունը, որ ավելի մեծ տպավորություն գործի իր ժողովրդի վրա»,- նշեց վարչապետը:

Վարչապետը նշեց նաև, որ իր կոչն Ադրբեջանի նախագահին մնում է նույնը և առաջարկեց, ի վերջո, համաձայնել իր առաջարկի հետ, որ Արցախի հարցի որևէ կարգավորում պետք է ընդունելի լինի Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի ժողովրդի համար:

  • Կիսվել: