երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Բացարձակապես որևէ ճնշում կամ որևէ զիջում, որևէ գրավոր կամ բանավոր պայմանավորվածություն չի եղել. Սարգսյան

Բացարձակապես որևէ ճնշում կամ որևէ զիջում, որևէ գրավոր կամ բանավոր պայմանավորվածություն չի եղել. Սարգսյան

Բացարձակապես որևէ ճնշում կամ որևէ զիջում, որևէ գրավոր կամ բանավոր պայմանավորվածություն չի եղել, և ես դրա մասին խոսել եմ: Այս մասին իր բացառիկ հարցազրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով հարցին, թե 2016-ին բանակցային գործընթացում Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կամ վերջնական կարգավիճակի շուրջ հայկական կողմին որևէ զիջում պարտադրվե՞լ է, և հայկական կողմը գնացե՞լ է որևէ զիջման` սակարկե՞լ է այդ հարցի շուրջ:

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարել էր, որ 2016-ին ԼՂ բանակցային գործընթացում արմատական բեկում է եղել, որը կարելի է կոչել աղետ: Նա նաեւ պնդել էր, որ որ այդ ժամանակ Լեռնային Ղարաբաղը կորցրել է Ադրբեջանի կազմից դուրս լինելու գործնական և տեսական բոլոր հնարավորությունները:

Սարգսյանը, մասնավորապես, ասաց. «Երբ որ խոսում էի Ապրիլյան պատերազմի մասին և խոսում էի, որ քննիչ հանձնաժողով կար և այլն, ես շատ բացահայտ ասել եմ, որ պատերազմի դադարեցման մասին ձեռք է բերվել ընդամենը պայմանավորվածություն՝ բանավոր, և նրանք պնդում էին, որ միգուցե ինչ-որ գրավոր փաստաթուղթ կա, ինչ-որ զիջում կա և այլն»:

Խոսելով այն մասին, թե 2016-ին նոր հրադադարի պայմանագի՞ր էին առաջարկում, ինչին ինքը դեմ է եղել՝ ՀՀ երրորդ նախագահը պատասխանեց. «Բացարձակապես: Մենք որևէ նոր փաստաթղթի կամ ինչ-որ բանավոր պայմանավորվածության չենք գնացել, և դա հաստատեցին համանախագահները, երբ որ հայտարարեցին հրապարակավ, որ որևէ նոր փաստաթուղթ չկա, ու ուժի մեջ է մնում 1994 թվականին կնքված եռակողմ պայմանագիրը»:

Դիտարկմանը, թե ապրիլյան պատերազմը դադարեցնելու գինը չի եղել սկզբունքներից որևէ մեկից հրաժարումը կամ տարրերից որևէ մեկից, նա արձագանքեց. «Բացարձակապես: Ինչ վերաբերում է 2016 թվականի փաստաթղթին, եթե նկատել եք, նա այդ արանքներում խոսում էր ինչ-որ նամակների մասին և այլն, ու չէր ասում 2016 թվականին համանախագահների կողմից այդ ինչ առաջարկություններ են եղել, երբ են եղել այդ առաջարկությունները և այլն:

Այո, 2016 թվականին` Ապրիլյան պատերազմից հետո, մենք ստացել ենք համանախագահների կողմից առաջարկություններ: Եվ այդ առաջարկությունները որևէ կերպ չէին խախտում այն կարմիր գծերը, որ մենք մշտապես ունեցել ենք: Այդ կարմիր գծերը, նորից հիշեցնեմ, դա Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման հարցն էր, երկրորդ՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև ցամաքային սահմանի առկայությունն էր, երրորդ՝ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների ճանաչումն էր միջազգային հանրության կողմից` որպես լեգիտիմ ընտրված մարդիկ, և այսպիսի բազմաթիվ ասպեկտներ, որ մի տեղ կոչվում էր Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ, մի տեղ կոչվում էր ժամանակավոր կարգավիճակ, մի տեղ կոչվում էր ճանաչված կարգավիճակ: Եվ չորրորդը, որը բխում է կամ ի մի է բերում այս երեք կետերը, անվտանգության երաշխիքներն էին, որովհետև մեր կարծիքով անվտանգության ամենակարևոր երաշխիքը դա անկախությունն է, դա քո հնարավորությունն է օրինական կերպով ազդելու բոլոր գործընթացների վրա` լինեն դրանք անվտանգային և այլն: Այդ չորս տարրերից որևէ մեկի հետ ոչ մի վերապահում չի եղել»:

Ըստ Սարգսյանի՝ այդ առաջարկների համաձայն պետք է գային խաղաղապահ ուժեր և կանգնեին երկու հակամարտող կողմերի մեջտեղում:

Մշտադիտարկման մեխանիզմների ներդրման մասին, ըստ ՀՀ երրորդ նախագահի, խոսք եղել է 2016 թվականին Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում հայտարարության տեսքով, որը , իհարկե, հայկական կողմի համար շատ շահավետ էր, բայց դրանք խնդրի լուծման տարբերակներ չէին. «Տարբերակ էր կոնկրետ, որ պետք է բացառեր կոնֆլիկտները: Մինչև լուծման հասնելը: Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին, որ զարմանալիորեն աղետ է անվանվում, պետք է ասեմ, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևը միշտ էլ ընկալվել է: Եթե որևէ մեկը, ով ուզում է այս թեմայով խոսել, հանգամանորեն ծանոթանա Կազանյան փաստաթղթի հետ, ապա կտեսնի, որ այդ փաստաթուղթը, այդ հռչակագիրը, եթե ընդունեինք, անպայման պետք է հաստատվեր ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից, որովհետև այնտեղ կան հանգամանքներ, որոնք վերապահված են ՄԱԿ-ին, և ԵԱՀԿ-ն, առավել ևս Մինսկի խումբը, չէր կարող այդպիսի որոշումներ ընդունել»:

Արձագանքելով հարցին, թե՝ այսինքն՝ մինչև Ապրիլյան պատերազմն է՞լ է խոսվել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի մասին՝ Սարգսյանն ասաց. «Բոլոր փաստաթղթերում այդ միտքը կար, այդ գաղափարը կար: Փաստաթղթերից որևէ մեկում գրված չէր, որ սա անպայման պետք է ուղարկվի ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ: Ինչո՞ւ եմ ասում դա, որովհետև 2016 թվականին մեզ առաջարկվել է երեք տարբեր փաստաթղթերից բաղկացած փաստաթղթերի տրցակ: Այս մասին էլի եմ խոսել. մեկը Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է լիներ հռչակագիր, երկրորդը պետք է լիներ հայտարարություն համանախագահ երկրների արտգործնախարարների կողմից, որտեղ կլինեին նաև որոշակի տարրեր, որոնք Ադրբեջանի համար ընդունելի չէին և Ադրբեջանի նախագահը չէր ուզում, որ դրանք լինեն հայտարարության մեջ, և երրորդ՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի նախագիծ, որն ամբողջականացնում էր այս երկու փաստաթղթերը, միահյուսում էր այս երկու փաստաթղթերը և նաև իր կողմից ավելացնում էր որոշակի հանգամանքներ»:

  • Կիսվել: