հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Բացահայտ դրսևորվեց Մոսկվայի ոչ դաշնակցային քաղաքականությունը, այն է՝ ՀՀ-ն վերջնականապես վերածել ռուսահպատակ լիակատար գաղութի. Ազգային առաջընթաց կուսակցություն

Բացահայտ դրսևորվեց Մոսկվայի ոչ դաշնակցային քաղաքականությունը, այն է՝ ՀՀ-ն վերջնականապես վերածել ռուսահպատակ լիակատար գաղութի. Ազգային առաջընթաց կուսակցություն

Հայոց պետականության անկումը, ցավոք սրտի, ոչ միայն կանգ չառավ, այլև շարունակվեց 2020թ նոյեմբերի զինադադարից հետո։ Սա վերաբերվում է հանրային կյանքի բոլոր ոլորտներին՝ բանակ, տնտեսություն, ներքաղաքական վիճակ, տարածքային կորուստներ և թե արտաքին քաղաքականության ոլորտում սուբյեկտայնության վերացում։ Այս մասին հայտարարություն է տարածել Ազգային առաջընթաց կուսակցությունը:

՛՛Վերջին շրջանում առավել բացահայտ դրսևորվեց նաև Մոսկվայի՝ Հայաստանի հանդեպ տարվող հեռահար ու ոչ դաշնակցային քաղաքականությունը, այն է՝ Հայաստանը վերջնականապես վերածել ռուսահպատակ լիակատար գաղութի՝ զրկելով նրան պետականության և միջազգային սուբյեկտայնության՝ առանց այն էլ գրեթե զրոյական մակարդակի հատկանիշներից։ Այս գործընթացը առավել դրսևորվեց Արցախի պատերազմի ժամանակ ռուս-թուրքական համատեղ ծրագրի իրագործմամբ։

Այս ծրագիրն արդեն իսկ թևակոխել է մի նոր փուլ։ Ռուսաստանից Հայաստան, այդ թվում՝ Արցախ, գործուղված տարբեր տրամաչափի գործիչների միջոցով մոտակա ժամանակներում ընտրովի և նշանակովի մի շարք պաշտոններում Մոսկվայի հլու-հնազանդ թեկնածուների հաղթանակն ապահովելու գործընթացը սկսված է։ Սա վերաբերվում է նաև Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին։ Գործող կառավարությունն ու նրա ներկայացուցիչները գրեթե իրականացրել են հայակործան ծրագրի իրենց մասը, և ըստ որոշված ժամանակացույցի պետք է հեռանան։

Այս կործանարար ծրագիրը կարող է կասեցնել միայն ազգային գիտակցության և ազգային մտածողության զարթոնքը, որն անշրջելիորեն կհանգեցնի ազգային մտածողությամբ օժտված կառավարության ձևավորման։ Լինելով ազգային մտածողության և ժողովրդավարական արժեքների կրող, Ազգային առաջընթաց կուսակցությունը որոշում է կայացրել մասնակցելու Երևանի ավագանու առաջիկա (2023թ) ընտրություններին (Երևանի քաղաքապետի մեր թեկնածուն կլինի Հայկ Գրիգորյանը)։ Դրանով մենք կփորձենք Ձեզ հետ միասին առավել ակտիվ կերպով մասնակցություն ունենալ Հայաստանի ներքաղաքական կյանքին, որի բարեհաջող ընթացքի պարագայում Հայաստանի առաջընթացը լինելու է երաշխավորված։

Մենք նաև գիտակցում ենք հայ հասարակության խորը հիասթափվածությունն ու թերահավատությունն ընտրական բոլոր տեսակի գործընթացների նկատմամբ, բայց այնուամենայնիվ, մենք բոլորս պարտավոր ենք անել հնարավորին ամեն ինչ Հայաստանի վերջնական ջախջախումը կասեցնելու և զարգացման հնարավորություն ունենալու համար՛՛,-ասված է հայտարարության մեջ։

  • Կիսվել: