շաբաթ, հունիս 29
29 / 6 / 2024
«Բա ի՞նչ պիտի անենք». ԱԺ խորհուրդը կմերժի արտահերթ նիստ հրավիրելու միջնորդությունը

«Բա ի՞նչ պիտի անենք». ԱԺ խորհուրդը կմերժի արտահերթ նիստ հրավիրելու միջնորդությունը

ԱԺ խորհուրդը կմերժի ընդդիմադիրների՝ կառավարությանը անվստահություն հայտնելու ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու միջնորդությունը։ Այս մասին խորհրդարանում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին՝ ընդդիմությունը կառավարության հրաժարականի պահանջով ԱԺ նիստ հրավիրելու դիմում է ներկայացրել, ի՞նչ են անելու։

«Իհարկե խորհուրդը կմերժի մեկ պատճառ չկա չմերժելու։ Ինչո՞ւ պիտի չմերժենք, կարո՞ղ եք մեկ պատճառ ասել, որովհետև տարին մեկ իրենք մարդ պետք է փոխեն գան նույն բանն ասե՞ն»,- ասաց նա։

Դիտարկմանը, որ նրանք ասում են՝ կառավարության ծրագիրը տապալել եք, արցախահայերի խնդիրն են նշում, նա պատասխանեց․ «Կառավարության ծրագիր տապալելն իրենց չի վերաբերում։ Արցախահայության հետ կապված էլ տեսել ենք էդ արցախահայ պատգամավորներին, իսկ արցախահայերին մենք այնքան ենք օգնել և էդ, որ հանձնեցին Արցախը, թե երբ Արցախը 2 օրվա մեջ 100 հազար հայ եկավ։ Մենք՝ մեր կառավարությունը էնքան բան ենք արել ու անում»։

Սիմոնյանը հավելեց, որ նրանք կարող են իրենց բոլոր մահկանացու մեղքերի մեջ մեղադրեն, ինչը որ արել են։

«Հասկանո՞ւմ եք՝ այս խոսակցությունը մենք ունեցել ենք 2 տարի առաջ, երեք տարի առաջ։ Ոչ մի բան չի փոխվել, բացի նրանից, որ իրենք առաջին դերակատարներին՝ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին են փոխել, առաջին պլան չեն բերում։  Ղարաբաղի դրոշները բերել են այստեղ դրել, մի հատ իրենց միտինգների ժամանակ Արցախի դրոշ չեն պահում»,- նշեց նա։

Լրագրողների հակադարձմանը, որ կա, և որ իրենք են Արցախի էջը փակել հիմա ինչո՞ւմն է խնդիրը, նա ասաց․ «Էդ մե՞նք ենք Արցախի հարցը փակել, Սեյրան Օհանյանը և մնացածը, որ Արայիկ Հարությունյանը հեռացել էր, ասում էին՝ նույնը մաղթում ենք ՀՀ-ին։ Իրենք գնացին երեք օրվա մեջ այնպես արեցին, որ Արցախի Հանրապետությունը վերանա»։

Նշենք, որ  «Հայաստան» և « Պատիվ ունեմ» խմբակացություններն այսօր միջնորդություն ներկայացրեցին Ազգային ժողովի խորհրդին՝ վաղը կամ մինչև հունիսի 17-ն արտահերթ նիստ գումարելու պահանջով՝ Ազգային ժողովի ուղերձը կառավարության հրաժարականի և նոր կառավարության ձևավորման մասին օրակարգով։

Եթե Ազգային ժողովի խորհուրդը մերժի ընդդիմադիր խմբակացությունների միջնորդությունը, ապա Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի համաձայն՝ 5-րդ աշխատանքային օրը՝  հունիսի 17-ին՝ ժամը 18։30 -ին, օրենքի ուժով կգումարավի Ազգային ժողովի արտահերթ նիստ։

Հիշեցնենք՝ Բագրատ Սրբազանը երեկ դիմեց Ազգային ժողովի խմբակցություններին, որպեսզի ընդդիմադիրները հունիսի 11-ին՝ ժամը 16:30-ին, նախաձեռնեն նիստ՝ կառավարության հրաժարականի և նոր կառավարության ձևավորման օրակարգով:

«Հունիսի 10-ին ԱԺ խորհուրդը պարտավոր է որոշում ընդունել արտահերթ նիստ հրավիրելու մասին։ Պատգամավորները պարտավոր են գործել ժողովրդի կամքով», - ասել էր Բագրատ Սրբազանը։

  • Կիսվել: