չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
ԱԺ-ում Լևոն Քոչարյանը կզգա՝ ինչպիսի տրամադրություններ կան իր ընտանիքի իրացրած քաղաքականության շուրջ. Անդրանիկ Քոչարյան

ԱԺ-ում Լևոն Քոչարյանը կզգա՝ ինչպիսի տրամադրություններ կան իր ընտանիքի իրացրած քաղաքականության շուրջ. Անդրանիկ Քոչարյան

«Ինքը հայտարարեց, որ դեռ մտորումների մեջ է՝ վերցնի՞ մանդատը, թե՞ ոչ, քանի մանդատը չի վերցրել և չի ներկայացել՝ ըստ ընթացակարգի, դեռ պատգամավոր չէ, պետք է երդվի, նոր դառնա պատգամավոր»:

Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում երեկ ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ արձագանքելով Լևոն Քոչարյանի՝ պատգամավոր դառնալու մասին դիտարկմանը:

Հարցին, թե բովանդակային առումով պատրա՞ստ են նրա հետ աշխատել, Անդրանիկ Քոչարյանը ասել է՝ բարի գալուստ Ազգային ժողով, եթե գալու է:

«Կարծում եմ՝ Ազգային ժողովում ինքը կզգա, թե ինչպիսի տրամադրություններ կան իր և իր ընտանիքի կողմից իրացված քաղաքականության շուրջ, ոչ միայն մեր ժողովրդի մոտ, այլ նաև Ազգային ժողովում: Բազմաթիվ հարցեր կհնչեն արդեն իր ներկայությամբ՝ իր ընտանիքին առնչվող, նաև այն հակակոռուպցիոն գործընթացների, որով այսօր նաև հանրային քրեական վարույթ է իրականացվում նաև իրենց ընտանիքի հետ առնչվող ընկերությունների չարաշահումների վերաբերյալ: Բարի գալուստ, պատրաստ ենք բնականաբար»,- նշել է Քոչարյանը:

Նա նաև նկատել է, որ հայր Քոչարյանն ամեն ինչ արեց, որ որդին կարողանա դառնալ պատգամավոր. «Եվ իր իշխանությունը «Հայաստան» խմբակցության վրա, պարզվեց, բավականին ազդեցիկ է: Կարողացավ երեք՝ մանդատ վերցնողների համոզել, որ նրանք չվերցնեն մանդատը, որպեսզի 50 համարի վրա գրանցված իր զավակը վերցնի մանդատը և հայտնվի Ազգային ժողովում: Թե ի՞նչ նպատակ է հետապնդում, երևի ընտանիքը գիտի, կգա կտեսնենք»:

  • Կիսվել: