երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը և պատգամավոր Հայկ Ցիրունյանը թերի են լրացրել իրենց հայտարարագրերը․ «Հետք»

ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը և պատգամավոր Հայկ Ցիրունյանը թերի են լրացրել իրենց հայտարարագրերը․ «Հետք»

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հայկ Ցիրունյանը թերի են լրացրել իրենց հայտարարագիրը, գրում է «Հետքը»։

Հայտարարագրերի մասին օրենքի նպատակն է իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի և եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրման միջոցով կոռուպցիայի և չարաշահումների դեմ պայքարի գործուն մեխանիզմների ստեղծումը, ինչպես նաև հայտարարագիր ներկայացնողների գույքի և եկամուտների առաջացման նկատմամբ հասարակության վստահության ապահովումն է: Իսկ հայտարարագիրը թերի լրացնելու, ունեցվածքը թաքցնելու դեպքում պաշտոնյաները ենթարկվում են պատասխանատվության՝ սույն օրենքով սահմանված կարգով։

Մենք ուսումնասիրեցինք ԱԺ-ի պատգամավորների հայտարարագրերը՝ հասկանալու, թե արդյոք դրանք ամբողջական են լրացված։ Պարզեցինք, որ կան պատգամավորներ, որոնք ամբողջական չեն լրացրել իրենց հայտարարագիրը։

Հայտարարագրերը թերի լրացրած պատգամավորները 

Հակոբ Արշակյանը 2021-ի հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով, իսկ օգոստոսի 4-ին ընտրվել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ։ Մինչ ԱԺ-ն նա եղել տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների (այժմ՝ԲՏԱ) նախարարի առաջին տեղակալ, այնուհետև՝ նախարար։ 

Հակոբ Արշակյանը 2022 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիր է ներկայացրել 2023-ի մայիսի 11-ին։ Նա իր հայտարարագրում չի նշել, որ 2016-ի հուլիսի 11-ից «Ռեալ էլեքշնս» ժողովրդավարության աջակցության ՀԿ-ի ղեկավարն է։ Այս տեղեկությունը իր նախորդ հայտարարագրերում նույնպես բացակայում է։ Ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում առկա տվյալների՝ այս ՀԿ-ն գրանցված է Հակոբ Արշակյանի բնակության հասցեով։

«Հանրային ծառայության մասին» օրենքի 42-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ հայտարարագրի «Անդամակցությունը ոչ առևտրային կազմակերպություններին և ներկայացվածությունը դրանց կառավարման, վարչական կամ վերահսկողական մարմիններում» բաժնում պետք է նշվի ոչ առևտրային կազմակերպության անվանումը, որին հայտարարատու պաշտոնատար անձն անդամակցում է կամ ներկայացված է դրա կառավարման, վարչական կամ վերահսկողական մարմիններում։ 

«Պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետում նշված է․ «Սահմանադրության 95-րդ հոդվածին համապատասխան՝ պատգամավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից»։

Այսպիսով, վերոնշյալ օրենքի համաձայն, Հակոբ Արշակյանը՝ որպես ԱԺ նախագահի տեղակալ, չի կարող զբաղեցնել «Ռեալ էլեքշնս» ժողովրդավարության աջակցության ՀԿ-ի նախագահի պաշտոնը։

Հակոբ Արշակյանին հարցմամբ խնդրեցինք մեկնաբանել, թե ինչու չի հայտարարագրել «Ռեալ էլեքշնս» ժողովրդավարության աջակցության ՀԿ-ի նախագահի պաշտոնը։ 

««Ռեալ էլեքշնս» ժողովրդավարության աջակցության ՀԿ-ի մասին իմ հայտարարագրում տեղեկության բացակայությունը կրում է բացառապես տեխնիկական բնույթ։ Հանդիսանալով ՀԿ նախագահ, կազմակերպությունից երբևէ եկամուտ չեմ ստացել, ավելին, ստեղծված օրվանից մինչ օրս այն գործունեություն չի ծավալել։ Այս մասին կնշվի հաջորդ՝ 2023թ․ հայտարարագրում»,- պատասխանեց Հակոբ Արշակյանը։

Հակոբ Արշակյանի այն պնդումը, թե կազմակերպությունը ստեղծման օրվանից մինչ օրս գործունեությունը չի ծավալել, չի համապատասխանում իրականությանը, քանի որ, ըստ Վանաձոր և Գյումրի քաղաքների 2016 թվականի ավագանու ընտրությունների վերջնական զեկույցի, «Ռեալ էլեքշնս» կազմակերպության դիտորդները ներկա են եղել ընտրական տեղամասերում։ 

«Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի 18-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն՝ կազմակեպությունը իր գործունեության և գույքի օգտագործման տարեկան հաշվետվությունները պետք է ներկայացնի գործադիր մարմնի հաստատմանը` ապահովելով այդ հաշվետվությունների հրապարակայնությունը։ 

ՀԿ-ների հաշվետվությունները կարելի է գտնել հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում՝ azdarar.am-ում և ՊԵԿ-ի ոչ առևտրային կազմակերպությունների հաշվետվությունների բաժնում։ «Ռեալ էլեքշնս» ժողովրդավարության աջակցության ՀԿ-ի վերաբերյալ այս երկու աղբյուրներում ոչինչ չգտնվեց

Հայկ Ցիրունյանը իր կարիերան՝ որպես քաղաքական գործիչ, սկսել է 2018 թվականին։ 2018-2020 թվականներին Երևանի ավագանու  «Իմ քայլը» խմբակցության անդամ Է եղել։ Իսկ 2020-ից՝ պատգամավոր, «Իմ քայլը» կուսակցության համապետական ընտրական ցուցակով։ Երկրորդ անգամ պատգամավոր է ընտրվել 2021-ի հունիսի 20-ին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով։ Մինչ քաղաքականությունը, նա զբաղվել է ծրագրավորմամբ՝ աշխատելով տարբեր ընկերություններում։

2023-ի մայիսի 29-ին Հայկ Ցիրունյանը 2022 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիրն է ներկայացրել՝ նշելով գույքը, եկամուտները, ծախսերը, բայց ոչ՝ շահերը։ Այսպես՝ հայտարարագրում չի նշել, որ «Մատտերսոն հոմ» ՍՊԸ-ի  50% բաժնետոմսերը պատկանում են իրեն։ Ընկերության մյուս 50% բաժնետոմսերը պատկանում են Արշակ Ասլանյանին՝ Էկոնոմիկայի նախարարի նախկին տեղակալին։ Այս ընկերությունը հիմնադրվել է 2018-ի դեկտեմբերին, այժմ, ըստ ՊԵԿ հարկ վճարողների փնտրման համակարգում առկա տվյալների, ընկերության գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է, բայց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից մեզ տեղեկացրեցին, որ պաշտոնյան այս դեպքում նույնպես պետք է հայտարարագրի իր ներկայացվածությունը առևտրային ընկերություններում։ Այսպիսով, ընկերության գործունեության ժամանակավորապես դադարեցումը պատճառ չէ իր բաժնեմասը չհայտարարագրելու։ Ի տարբերություն Հայկ Ցիրունյանի, Արշակ Ասլանյանը իր՝ 2021 թվականի հայտարարագրում նշել է, որ «Մատտերսոն հոմ» ՍՊԸ-ի  50% բաժնետոմսերը պատկանում են իրեն։

Հայկ Ցիրունյանին գրավոր հարցմամբ խնդրեցինք մեկնաբանել, թե ինչու չի հայտարարագրել «Մատտերսոն հոմ» ՍՊԸ-ի  50% բաժնեմասը։ 

«Տեղեկացնում եմ, որ «Մատտերսոն հոմ» ՍՊԸ-ում իմ 50% բաժնեմասը ժամանակավորապես դադարեցված կարգավիճակ ունի և որևիցէ գործողություն չի ծավալել։ Տվյալ տեղեկությունը ինձ համար նորություն էր, այդ իսկ պատճառով միջոցներ եմ ձեռնարկել  ՊեԿ-ից բացատրություն ստանալու համար»,- պատասխանել է պատգամավորը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում

  • Կիսվել: