շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության մասին» կոնվենցիայի վավերացման նախագծին

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության մասին» կոնվենցիայի վավերացման նախագծին

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում դրական եզրակացության արժանացավ ««Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության մասին» ԵԽ կոնվենցիան վավերացնելու մասին» փաստաթուղթը: 

«Նպատակն է պետության յուրաքանչյուր անձի ներկայացրած հարցման հիման վրա, առանց որևէ խտրականության, պետական մարմինների տնօրինության տակ գտնվող փաստաթղթերի մատչելիության իրավունքի ապահովումը»,- ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը: 

«Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան ստորագրվել է 2009 թ. հունիսի 18-ին: Նպատակն է իր անդամ պետություններում յուրաքանչյուր անձի՝ ներկայացված հարցման հիման վրա, առանց որևէ խտրականության, պետական մարմինների տնօրինության տակ գտնվող փաստաթղթերի մատչելիության իրավունքի ապահովումը:

Հայաստանի Հանրապետության կողմից Կոնվենցիան 2020 թ. հունիսի 24-ին Եվրոպայի խորհրդում ստորագրել է ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը:

Կոնվենցիան ուժի մեջ է մտել 2020 թ. դեկտեմբերի 1-ին:

Ներկայումս Կոնվենցիան ստորագրել է 18 պետություն, ուժի մեջ է մտել 11 պետության համար:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցի խոսքով՝ Հայաստանը բազմաթիվ քայլեր է իրականացնում տեղեկատվության ազատության, հրապարակայնության և թափանցիկության ապահովման համար: 

Հիմնավորման մեջ նշվում է, որ կոնվենցիայով սահմանվող պարտավորությունները Հայաստանն արդեն լիովին իրականացրել է սեփական օրենսդրությամբ և պրակտիկայով: Մեր երկիրն ունի տեղեկատվության ազատության ոլորտում զարգացած հարուստ և այլ երկրների համար օրինակելի պրակտիկա, հետևաբար Կոնվենցիայի վավերացմամբ Հայաստանի Հանրապետությունը չի ստանձնում այնպիսի պարտավորություն, որն իրավական տեսանկյունից լրացուցիչ է կամ կարող է բեռ հանդիսանալ Հայաստանի Հանրապետության համար:

Կոնվենցիան առաջին միջազգային իրավական փաստաթուղթն է, որ ամրագրում է պաշտոնական փաստաթղթերի հասանելիության ընդհանուր իրավունքը:

  • Կիսվել: