երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Դատական օրենսգրքի փոփոխությունների նախագծին

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Դատական օրենսգրքի փոփոխությունների նախագծին

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հավանության արժանացավ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և կից օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթը:

Մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերը քննելու համար կլինեն առանձին դատավորներ: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նախագիծը ներկայացնելիս արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց, որ առաջարկվում է առաջին ատյանի դատարաններում ավելացնել առնվազն 17 դատավոր, որոնցից 8-ը՝ Երևանում: 

Նախարարը ներկայացրեց նաև մրցութային առաջարկվող կարգը: Առաջին փուլով լինելու է մրցույթ Երևանում, այնուհետև՝ մարզերում, իսկ դրան զուգահեռ նաև դատավորների առաջխաղացման ցուցակի արտահերթ համալրում է իրականացվելու ԲԴԽ-ի կողմից՝ Վերաքննիչ դատարանի համար:

 
 

«Գրավոր փուլն առաջարկում ենք իրականացնել թեստավորման տարբերակով, սակայն դա պարզ թեստի մոդելը չենք առաջարկում, այլ այն ձևակերպումով, որն ունենք Դատական օրենսգրքի ընդհանուր կարգավորումներում: Այսինքն խնդիր է ներկայացվելու և առաջարկվելու է խնդրի լուծման տարբերակները: Գրավոր փուլից հետո Դատական օրենսգրքի նորամուծությունները, որոնք արդեն  կիրառման փորձ ունեն, կիրառվելու են: Դա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից բարեվարքության ստուգման ընթացակարգն է: Թեկնածուն ներկայացնում է լրացրած հարցաթերթիկ, և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դրա հիման վրա 15-օրյա ժամկետում պետք է իրականացնի բարեվարքության ստուգում և տրամադրի խորհրդատվական եզրակացություն Բարձրագույն դատական խորհրդին: Հոգեբանական թեստավորման նոր կարգը կրկին կիրառվելու է: Խորհրդատվական բնույթի եզրակացություն է տրվելու Բարձրագույն դատական խորհրդին: Բանավոր քննության փուլում ԲԴԽ-ն կողմ կամ դեմ է քվեարկում թեկնածուին, և դրանից հետո Արդարադատության ակադեմիայում ուսուցումն է, որը մեկ ամիս ենք սահմանել: Ընդհանուր առմամբ պրոցեսը պետք է տևի երեք ամիս ժամկետում, այն բանից հետո, երբ որ իմ հնչեցրած թվերով հաստիքները կավելացվեն»,- ասաց Բադասյանը:

Նախարարի խոսքով՝ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ԲԴԽ-ն մեկշաբաթյա ժամկետում կդիմի Կառավարություն: Վերջինս կտա համաձայնություն, և նշված հաստիքները կավելացվեն:

«Կարգավորումներ կան նաև, եթե դատավորը ընտրվում է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործեր քննող, ապա ինչ է լինում իր կողմից քննվող մյուս գործերի հետ: Թեև այստեղ նշվում է, որ բոլոր այն գործերը, որոնք դատաքննության փուլում են, ինքը շարունակում է քննել, մենք արդեն առաջին բանավոր առաջարկությունը հնչեցնեմ՝ առաջարկում ենք, որ առհասարակ, եթե նախնական դատական նիստ էլ է եղել, այսինքն՝ վարույթ ընդունած բոլոր գործերը, ինքն իր հետ այլևս վերաբաշխման ենթակա չլինի»,- ասաց Բադասյանը:

  • Կիսվել: