երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենքների նախագծեր

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենքների նախագծեր

Առաջարկվում է պատասխանատվություն նախատեսել ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների պահպանումն իրականացնող կազմակերպությունների համար, ռազմավարական պաշարների պահուստի անվանացանկում ներառված ապրանքների վերաբերյալ Կառավարության սահմանված ձեւի հաշվետվությունները լիազոր մարմնին սահմանված ժամկետներում կամ կարգով չներկայացնելու դեպքում: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Նյութական պահուստի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասինե օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը:

Հիմնական զեկուցողի խոսքով օրենսդրական փաթեթի վերաբերյալ գրավոր առաջարկություններ չեն ներկայացվել, սակայն հանձնաժողովի եւ աշխատանքային քննարկումներում արված դիտարկումները հաշվի են առնվել եւ միասնական փաթեթով հասցեագրվել են Կառավարության կողմիցգ եղել են հիմնականում տեխնիկական բնույթի շտկումներ: «Իսկ «Նյութական պահուստի մասին» օրենքում կատարված հիմնական փոփոխությունն այն է, որ միասնական էլեկտրոնային համակարգի պատրաստ լինելու ժամկետը սահմանվել է 2024 թվականի հունիսի 1-ը, որպեսզի հնարավոր լինի գործարկել այդ բարդ համակարգը»,- պարզաբանել է Դավիթ Համբարյանը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը:

Ակնկալվում է, որ նախագծի ընդունմամբ Հակակոռուպցիոն կոմիտեում կապահովվի առավել բանիմաց եւ հմուտ մասնագետների ընտրություն, առավել արդյունավետ կիրականացվի թափուր պաշտոնների համար անցկացվող մրցույթը, ինչպես նաեւ հնարավորություն կընձեռվի առանց ֆիզիկական պատրաստականության պահանջի ընտրելու օպերատիվ ստորաբաժանման այնպիսի ծառայողների, որոնք տեղեկատվական տեխնոլոգիաների, տնտեսագիտության եւ այլ բնագավառներում ունեն հատուկ մասնագիտական գիտելիքներ եւ հմտություններ: Կկարգավորվի Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ եւ զենք կիրառելու կարգը, ինչը կնպաստի կոմիտեի առջեւ դրված խնդիրների լուծմանը:

Առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագծում բովանդակային փոփոխություններ չեն կատարվել:

««Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը: Նախագծով առաջարկվում է ստեղծել իրավական հիմքեր Հանրային պաշտպանի գրասենյակին աշխատավարձի ֆոնդի տասնհինգ տոկոսի չափով պետական բյուջեից գումար հատկացնելու համար՝ հանրային պաշտպանների կատարած արտաժամյա աշխատանքի դիմաց:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հայտնել է, որ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Երեւանի քաղաքապետի եւ ավագանու իրավական ակտերը կներկայացվեն լիազոր մարմին՝ նաեւ Նորմատիվ իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում հրապարակվելու համար:

Քննարկված օրենսդրական նախաձեռնությունները գլխադասային հանձնաժողովներում ստացել են դրական եզրակացություն:

  • Կիսվել: