հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ մի շարք նախագծեր է քննարկել

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ մի շարք նախագծեր է քննարկել

Խորհրդարանը մայիսի 7-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք նախագծեր:

««Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և կից ներկայացված օրինագծերի փաթեթը ներկայացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանը:

Նախաձեռնությամբ առաջարկվում է վերացնել պետական ծառայության տարբեր ոլորտներում գործող պաշտոն զբաղեցնելու առավելագույն՝ 65 տարեկան տարիքային սահմանափակումը:

Հիմնական կարգավորումները՝ այստեղ:

Լուսինե Քոչարյանի տեղեկացմամբ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո փաթեթում կատարվել են տեխնիկական փոփոխություններ:

ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գայանե Եղիազարյանը ներկայացրել է փաթեթի վերաբերյալ հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Հաջորդիվ քննարկվել է ««Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ու ««Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Նախաձեռնության հեղինակի՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի խոսքով առաջինից երկրորդ ընթերցում կատարվել են խմբագրական բնույթի փոփոխություններ:

Օրենսդրական փաթեթի առաջին ընթերցմամբ քննարկումը ՝ այստեղ:

Գլխադասային՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Նարեկ Ղահրամանյանը:

Կառավարության դիրքորոշումը նախաձեռնության վերաբերյալ եւս եղել է դրական:

ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը ներկայացրել է ««Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Առաջին ընթերցմամբ քննարկումը՝ այստեղ:

Փոխնախարարի խոսքով Կառավարությունը ներկայացրել է Ոստիկանության գվարդիայի ծառայողների սոցիալական ապահովության հարցերը կարգավորող այլ նորմատիվ իրավական ակտերի կիրառմանն առնչվող առաջարկ:

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշել է, որ նախագծին հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն:

Երկրորդ ընթերցմամբ է նաև քննարկվել «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» և կից օրենքներում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը:

Ըստ ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանի՝ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում առաջարկներ չեն ստացվել:

Առաջին ընթերցմամբ քննարկումը՝ այստեղ:

Գլխադասային՝ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը բարձրաձայնել է փաթեթի վերաբերյալ հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Քննարկված օրենսդրական նախաձեռնություններն ընդունվել են երկրորդ ընթերցմամբ:

  • Կիսվել: