ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Այսօրվա մարտական գործողությունների բռնկումը պայմանավորված է Լեռնային Ղարաբաղի չլուծված խնդրով. ՄԱԿ-ի ԱԽ-ում Գանայի ներկայացուցիչ

Այսօրվա մարտական գործողությունների բռնկումը պայմանավորված է Լեռնային Ղարաբաղի չլուծված խնդրով. ՄԱԿ-ի ԱԽ-ում Գանայի ներկայացուցիչ

Գանան անհանգստացած է նրանով, որ Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության հետագա սրացումը կարող է առավել ծանր հետևանքներ ունենալ տարածաշրջանի և այլ տարածաշրջանների համար: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հայաստանի դեմ Ադրբեջանի զինված ագրեսիայի հարցով քննարկման ընթացքում նման կարծիք է հայտնել Գանայի ներկայացուցիչը:

«Ուժի կիրառումն անթույլատրելի է այս հակամարտության լուծման համար: Կողմերին կոչ ենք անում պահպանել հրադադարը և ապահովել լարվածության թուլացումը: Կոչ ենք անում հավատարիմ մնալ նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններին, այդ թվում՝ 2020 թ. նոյեմբերի 10-ի հայտարարությանը:

Այսօրվա մարտական գործողությունների բռնկումը պայմանավորված է Լեռնային Ղարաբաղի չլուծված խնդրով: Դա ընդգծում է հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը՝ միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության, միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, վեճերի խաղաղ լուծման և այլ դրույթների հիման վրա:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին կոչ ենք անում դեր ունենալ միջնորդական ջանքերում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին կոչ ենք անում ավելի ակտիվ գործունեության: Ի գիտություն ենք ընդունում Հայաստանի դիմումը ՀԱՊԿ-ին:

Կոչ ենք անում վերսկսել բանակցությունները այս տարվա ապրիլին ԵՄ հովանու ներքո տեղի ունեցած քննարկումներից հետո, որոնց արդյունքները հնարավորություն կտան թուլացնելու լարվածությունը, կարգավորելու հարաբերությունները և ստորագրելու խաղաղության պայմանագիր:

Կոչ ենք անում անել հնարավորը՝ ապահովելու անվտանգության, իրավունքների և ազատությունների երաշխիքներ երկու երկրների բոլոր քաղաքացիների համար, այդ թվում նրանց համար, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տները, այնտեղ վերադառնալու իրավունք ապահովել»,- ասել է դիվանագետը:

 

  • Կիսվել: