երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Այսօր Վաղարշապատում համայնքապետի ընտրություններ են

Այսօր Վաղարշապատում համայնքապետի ընտրություններ են

Այսօր Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Բոլոր ընտրատեղամասերը պետք է բացվեն 08։00-ին։

Ընտրողների էլեկտրոնային գրանցման նպատակով օգտագործվում է 117 տեխնիկական սարքավորում:

Ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու համար հավատարմագրվել են 31 տեղական զանգվածային լրատվության միջոցներ (209 ներկայացուցիչ):

Ընտրությունները դիտարկելու նպատակով հավատարմագրվել է 6 դիտորդական առաքելություն, որից երկուսը՝ համատեղ (233 ներկայացուցիչ)։

Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։

Ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը, ժամը 12.00-ից սկսած երեքժամյա պարբերականությամբ, կհրապարակվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում՝ www.elections.am։

Ընտրություններին մասնակցում է 8 քաղաքական ուժ՝

 «Հայրենիք» կուսակցությունը

 «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքը

 «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցությունը

 «Ժառանգություն» կուսակցությունը

 «Համահայկական ճակատ» կուսակցությունը

 «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը

 «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը

 «Հանրապետություն» կուսակցությունը:

8 քաղաքական ուժերը, ըստ վիճակահանության արդյունքների, հանդես կգան հետևյալ թվերի ներքո․

«Հաղթանակ» կուսացությունների դաշինք (կազմում՝ «Առաջ» և «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունները) – 1

«Համահայկական ճակատ» կուսակցություն – 2

«Հանրապետություն» կուսակցություն – 3

«Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցություն – 4

«Ազատ դեմոկրատներ» կուսակցություն – 5

«Ժառանգություն» կուսակցություն – 6

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 7

«Հայրենիք» կուսակցություն – 8:

Ավելի վաղ հայտնել էինք՝ Վաղարշապատ համայնքի ՏԻՄ ընտրությունները կազմակերպելու համար ձևավորվել է 47 ՏԸՀ:

Հիշեցնենք՝ ՏԻՄ ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հրամանով սահմանվել են ՆԳ նախարարության և ենթակա ծառայությունների աշխատանքի հստակ ուղղություններն ու գործիքակազմը։

Նոյեմբերի 9-ին Ներքին գործերի նախարարության և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքերում տեղադրվել են ընտրողների վերջնական ցուցակները. իրականացվել է նախապատրաստական ծավալուն աշխատանք:

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակներում քաղաքացիները ընտրություններին մասնակցելու նպատակով կարող են ստանալ ինչպես ժամկետանց անձնագրին փոխարինող փաստաթուղթ, այնպես էլ քվեարկության օրը լրացուցիչ ընտրացուցակներում ընդգրկվելու համար տեղեկանք, ինչը թույլ կտա իրացնել ընտրելու իրենց իրավունքը։

Համակարգված աշխատանք են կատարելու Զանգերի կենտրոնի աշխատակիցները՝ ապահովելով 84-22 կարճ հեռախոսահամարին ընտրությունների վերաբերյալ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ոլորտին առնչվող զանգերի արձագանքը:

ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնը շուրջօրյա ռեժիմով իրականացնելու է ընտրատեղամասերի օնլայն դիտարկում՝ ուշադրության կենտրոնում պահելով առկա իրավիճակն ու երաշխավորելով օպերատիվ արձագանքը:

Համայնքում ուժեղացված ռեժիմով ծառայություն կիրականացնեն Ոստիկանության ենթակա ծառայությունները՝ պահպանելով հասարակական կարգն ու անվտանգությունը. ընտրատեղամասերը կվերցվեն պահպանության։

  • Կիսվել: