ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Այսօր արյան դոնորների համաշխարհային օրն է

Այսօր արյան դոնորների համաշխարհային օրն է

Այսօր Արյան դոնորների համաշխարհային օրն է: Օրվան նվիրված միջոցառումների և քարոզարշավի կարգախոսն է` «Արյան դոնորությունը համերաշխության քայլ է․ դարձե՛ք դոնոր և փրկե՛ք կյանքեր»։

Սա ևս մեկ հնարավորություն է`
✔ շնորհակալություն հայտնել արյան կամավոր և անվարձահատույց դոնորներին՝ իրենց արյունը նվիրաբերելու բազմաթիվ կյանքեր փրկելու համար,
✔ ևս մեկ անգամ շեշտել դոնորների առողջության և խնամքի որակի կարևորությունը,
✔ բարձրացնել արյան դոնորության մասին մարդկանց իրազեկությունը,
✔ խթանելով որակյալ ու անվտանգ արյունը և դրա բաղադրամասերի հասանելիությունը՝ դիտարկել գաղափարի ինտեգրումը՝ որպես արդյունավետ առողջապահական համակարգերի, կենսակերպի և մշակույթի մաս մեր երկրում։

ՀՀ ԱՆ Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը, լինելով հանրապետությունում արյան պաշարների հավաքման և պահեստավորման լիազոր մարմինը, պլանավորում է օրվան նվիրված միջոցառումներ։

Հունիսի 14-ին` մինչև ժամը 13․00-ն, կկազմակերպվի արյան դոնորության ակցիա, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները, ինչպես նաև պաշտոնատար անձինք։

Իրազեկության բարձրացմանն ուղղված միջոցառումներն ընդգրկում են տեղեկատվական նյութերի պատրաստում և տարածում հասարակության լայն շերտերի շրջանում։ Միջոցառումներ են տեղի ունենալու նաև մարզերում գործող Արյան փոխներարկման կայաններում (Գյումրի, Հրազդան, Վանաձոր, Արմավիր, Գորիս)։

 

  • Կիսվել: