ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Այս բարեփոխման արդյունքում ոստիկանը լինելու է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու գործընկերը, ընկերը, բարեկամը․ Սարգիս Խանդանյան

Այս բարեփոխման արդյունքում ոստիկանը լինելու է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու գործընկերը, ընկերը, բարեկամը․ Սարգիս Խանդանյան

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը ոստիկանության համակարգում բարեփոխումների համար ներկայացված օրինագծերի փաթեթը համարում է հեղափոխության օրակարգի շարունակություն։

Այսօր Ազգային ժողովում համակարգին վերաբերող նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ Խանդանյանը հայտարարեց, որ ոստիկանական համակարգում կրթության ու կարողությունների խնդիր կա։ «Այս ռեֆորմի կարևորությունը այն է, որ այն սկսում է կրթության և կարողությունների զարգացման խնդիրը լուծելուց», -հայտարարեց Խանդանյանը։

Նա ընդգծեց, որ բարեփոխումների արդյունքում Հայաստանում լինելու է ոստիկան, որը երաշխավորելու է հանրության անվտանգությունը, Հայաստանում մարդու իրավունքներն ու ազատությունները պաշտպանելը և ոչ թե հանրության հետ կոնֆրոնտացիայի գնալը։

«Տարիներ շարունակ, երբ մենք ցույցերի էինք մասնակցում, մենք մի երազանք էինք բարձրաձայնում՝ ոստիկանը մերն է։ Այս ռեֆորմը դրա մասին է․ ոստիկանը լինելու է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու գործընկերը, ընկերը, բարեկամը», -հայտարարեց Խանդանյանը։

Հիշեցնենք՝ Հայաստանի կառավարությունը ոստիկանության համակարագում իրականացվող բարեփոխումների շրջանակում խորհրդարան է ներկայացրել «Ոստիկանության մասին»  և «Ոստիկանության ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը, որով առաջարկում է առանձին Պարեկային ծառայություն հիմնել։ Այն կփոխարինի այժմ գործող պարեկապահակային ծառայությանը և ճանապարհային ոստիկանությանը: Պարեկային ծառայողների համալրումը տեղի է ունենալու բացառապես բաց մրցույթով, ծառայողների ընտրության և նրանց 5¬ամսյա ծրագրով վերապատրաստման կրթական ծրագիր իրականացնելու արդյունքում:

  • Կիսվել: