կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Այս անփութության հետևանքով մենք կարող ենք քաղաքի արտաքին տեսքն աղավաղել. Տիգրան Ավինյան

Այս անփութության հետևանքով մենք կարող ենք քաղաքի արտաքին տեսքն աղավաղել. Տիգրան Ավինյան

Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ այգու տարածքում ճարտարապետանախագծային թույլտվություն տրամադրելու առաջադրանքի հարցով անցած շաբաթվա քննարկմանն արձագանքել է դատական դեպարտամենտը և որոշակի տեղեկատվություն հաղորդել։

«Այն գործը, որի մասին խոսում էինք, մասնավորապես՝ Տորք Անգեղի ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրումը, անցել է 3 դատական ատյանով։ 9 իրարից անկախ դատավոր են քննել այս գործը։ Պարզվում է՝ առաջին հերթին մենք ենք ուշացրել մեր պատասխանը, պարոն Մուրադյան․ ենթադրաբար, ձեր վարչությունը։ Երկրորդ, պարզվում է, որ առաջին ատյանում առհասարակ դատական նիստերին չեք ներկայացել, և բոլոր դատավորները միակարծիք են եղել, որ իրենք այլընտրանք չունեն, քան կայացնել այդ որոշումը։ 

Պետք է հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել, որովհետև, կարծում եմ, սա վտանգավոր նախադեպային իրավիճակ է, վտանգավոր գործընթաց, որը պետք է կանխենք»,- ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ վերահսկողության վարչությանը խնդրելով, որ այս գործով մանրամասն ներկայացվի, թե ինչ է տեղի ունեցել, թե ինչ պատճառներով են ուշացրել, ինչու չեն ներկայացել դատական նիստերին և տրամադրել ամբողջական տեղեկատվությունը քաղաքապետին, որպեսզի հետևություններ արվեն։ 

«Այս տեսակի անփութությունը շատ վտանգավոր է, և այս անփութության հետևանքով մենք իրապես կարող ենք քաղաքի արտաքին տեսքը աղավաղել»,-ասաց Տիգրան Ավինյանը։

  • Կիսվել: