Այս 7 տարվա ընթացքում ամեն ինչ շատ լավ է եղել և լրացուցիչ կոմպրոմատների կարիք կա՞. Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանի մասին
Այսինքն այս յոթ տարվա ընթացքում ամեն ինչ շատ լավ է եղել և լրացուցիչ կոմպրոմատների կարիք կա՞։ Այս մասին, այսօր դատարանի շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ շատերը մտածում են, որ ինքը Նիկոլ Փաշինյանի դեմ կոմպրոմատներ ունի և միայն հարմար պահի է օգտագործելու դրանք։
«Ես հետաքրքիր ձայնագրություն հրապարակել եմ, բայց ցավոք սրտի շատ-շատերին դա քիչ հետաքրքրեց, բայց այսօրվա իրավիճակը հենց այդ խոսակցության արդյունքն է»,–ասաց նա։
Անդրադառնալով Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի խորհրդականի հայտարարությանը, որ որոշ երկրներ շահագրգռված էին Հայաստանը մասնատելու ճանապարհով Զանգեզուրի միջանցքի անվան տակ փակել Իրանի ելքը դեպի Եվրոպա և Թեհրանը կարողացել է խափանել այդ գործարքը, Սերժ Սարգսյանն ասաց. «Մենք միշտ էլ արտաքին վտանգի առկայություն զգացել ենք և զգալու ենք։ Ես չեմ կարող մեկնաբանել Իրանի համապատասխան պաշտոնյայի ասածները, իմաստն էլ չեմ տեսնում։ Այո, Հայաստանը ունեցել է, ունի և ունենալու է անվտանգության մեծ խնդիրներ»։