երեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2025
«Այո»-ի, «Ոչ»-ի պայքարն էլ ավելի է խորացնում հասարակության մեջ տոտալ ատելությունը մեկը մյուսի նկատմամբ. Գևորգ Պետրոսյան

«Այո»-ի, «Ոչ»-ի պայքարն էլ ավելի է խորացնում հասարակության մեջ տոտալ ատելությունը մեկը մյուսի նկատմամբ. Գևորգ Պետրոսյան

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը չի հետևում Սահմանադրության փոփոխության հանրաքվեում «Այո»-ի քարոզարշավին «Հետևելու դեպքում պետք է կարծիք հայտնել, մեկնաբանություն և այլն: Բայց քանի որ մեր քաղաքական թիմը հայտարարել է այդ քաղաքական պայքարում իր չեզոքության մասին, ես ինձ իրավունք չեմ վերապահում առանձնանալ քաղաքական ուժից ու դատողություններ անել», InfoPort.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պետրոսյանը:

Այդուհանդերձ, մեր խնդրանքով անդրադառնալով քարոզարշավի համար դրամահավաքի երեկոյի ընթացքում վարչապետի հայտարարությանը, թե ընտրախախտում անողի մատերրը կկտրի՝ սկսած իրենից, Պետրոսյանն ասաց.

«Ինձ համար եղել ու մնում են անցանկալի մատեր կտրել, ասֆալտին փռել, պատերին ծեփել արտահայտությունները: Եթե Հայաստանը իշխանությունների համար օջախ է, իսկ ժողովուրդը՝ ընտանիք, ապա դժվար թե նահապետական ընտանիքներում մեկը մյուսի հանդեպ այդպես վարվեին: Իսկ թե կոնկրետ ինչ է ասել Նիկոլ Փաշինյանը կամ նրա թիմից մյուսները, ինձ առանձնապես չի հետաքրքրում, չեմ էլ հետևում քարոզարշավին»:

Այդուհանդերձ, Պետրոսյանի խոսքով, իրենք կարող են քաղաքական, իրավական գնահատական տալ եթե որևէ աղաղակող խախտումներ գրանցվեն, բայց քարոզարշավին չեն միջամտի:

Նրա խոսքով, «Այո»-ի, «Ոչ»-ի պայքարը էլ ավելի է խորացնում հասարակության մեջ «առանց այն էլ ծայր առած խոր, տոտալ ատելությունը մեկը մյուսի նկատմամբ»:

«Ամեն րոպե հնարավոր է, որ քաղաքական հողի վրա մեկը մյուսին վնաս տա», -ասաց Պետրոսյանը:

  • Կիսվել: