շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Այդ փաստաթուղթը դե ֆակտո աշխատում է, չենք կարող հրաժարվել դրանից. Վազգեն Մանուկյան

Այդ փաստաթուղթը դե ֆակտո աշխատում է, չենք կարող հրաժարվել դրանից. Վազգեն Մանուկյան

Ընդդիմադիր 16 ուժերի վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը այսօր Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հանդես եկավ ելույթով, որտեղ նշեց, որ 30 տարի անց նույն հրապարակում մարդիկ են հավաքվել և կրկին՝ Արցախի խնդրով, սակայն՝ վիրավորված արժանապատվությամբ ու տարածքային կորուստներով:

Մանուկյանը նշեց. ՛՛Վտանգված է հիմա Հայաստանը, նույնիսկ Հայաստանի գոյությունն է հիմա վտանգի առջև, երբ ադրբեջանցիներն են որոշում Հայաստանի սահմանը: Սա է վիճակը: Հարմարվե՞նք այս վիճակին: Այն խնդիրները, որ դրված էին 1988-ին, նորից դրված են: Եվ այդ խնդիրները պետք է լուծվեն:

Մենք կարող էինք կանխել պատերազմը, մենք կարող էինք հաղթել պատերազմի ժամանակ, կարող էինք շուտ վերջացնել՝ փոքր կորուստներով: Այդ ամենը չեղավ: Փաշինյանի առաջին քայլերից մեկը եղավ գլխատել Արցախի բանակը, մենք կորցրինք մեր դաշնակիցներին, մենք կարող էինք հաղթել պատերազմը: Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա: Գազազած ժողուրդը նրան կհոշոտի. թող հեռանա կամավոր, թե չէ կհեռանա զոռով՛՛:

Մանուկյանն անդրադարձավ նաև եռակողմ համաձայնագրին՝ ասելով, որ այն գործում է, և դրանից հրաժարվել չենք կարող:

՛՛Առաջինը՝ այն համաձայնագիրը, որը ձևավորված է որպես հայտարարություն, մենք երբեք չենք հաշտվի այդ փաստաթղթի հետ, բայց այդ փաստաթուղթը դե ֆակտո աշխատում է, և մենք չենք կարող հրաժարվել դրանից: Մեզ պետք է նորից վերականգնել մեր բանակը, մարտունակությունը, անվտանգության հարցի մեջ մտնում են մեր հատուկ հարաբերությունները Ռուսաստանի հետ՛՛,-նշեց ընդդիմության վարչապետի թեկնածուն:

  • Կիսվել: