հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ավիացիայի կոմիտեի պաշտոնյան, որ պարտավոր էր զեկուցել, չի զեկուցել․ վարչապետը՝ Քաղավիացիայի վերաբերյալ հայտնի զեկույցի մասին

Ավիացիայի կոմիտեի պաշտոնյան, որ պարտավոր էր զեկուցել, չի զեկուցել․ վարչապետը՝ Քաղավիացիայի վերաբերյալ հայտնի զեկույցի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշիյանը խորհրդարանում Կառավարության հարցուպատասխանի ժամանակ ներկայացրեց մի քանի տվյալ, թե ինչ է կատարվում Քաղավիացիայի ոլորտում։

Նրա խոսքով՝ 2019-ի աշնանը եվրոպական կազմակերպությունը ստուգել է Հայաստանի ավիաընկերություններից մեկը և դրա մասին նախնական զգուշացնող տեղեկանք է ուղարկել կոմիտե։ Ավիացիայի կոմիտեի պաշտոնյան, որ պարտավոր էր զեկուցել, չի զեկուցել այդ մասին կոմիտեի ղեկավարին, և դրա մասին կոմիտեի ղեկավարն իմացել է երկու ամիս անց՝ Եվրոպայում տեղի ունեցած մի քննարկման ժամանակ։

«Արդյունքում այդ աշխատողն ազատվել է աշխատանքից և մի քանի օր հետո աշխատանքի անցել այն ավիաընկերությունում, որը ստուգվել է, և որտեղ խախտումներն են հայտնաբերվել»,- նշեց Փաշինյանը։

Վարչապետը տեղեկացրեց, որ աշխարհում ավիացիայի համար լիցենզիաներ տրվում են վճարովի հիմունքներով, Քաղավիացիայի կոմիտեն այն իրականացնում է անվճար։ Վարչապետը նշեց, որ հարցի լուծումներից մեկն այն է, որ կոմիտեի կարգավիճակը փոխվի այնպես, որ ինքը ինչ-որ առումով ինքնածախսածածկվող կազմակերպություն լինի, ինչպես, օրինակ, Կադաստրն է։ Այն պետք է ունենա ֆինանսներ՝ պատշաճ  մասնագետներ ներգրավելու և իր լիազորությունները կատարելու լծակներ ստանալու համար։

Վարչապետը նշեց, որ տեղեկանքում ներկայացված է նաև, թե կոմիտեն ինչու չի կարողանում վերահսկել։

«Որովհետև Հայաստանում գրանցված, Աֆրիկայում բազավորված օդանավերի նկատմամբ կոմիտեն ունի պարտավորություններ, բայց մեր կարգավորումներով չունի լծակներ այդ պարտավորությունները կատարելու, և դրա արդյունքում տեղի են ունեցել մի շարք զարգացումներ»,- նշեց վարչապետը։

 

  • Կիսվել: