երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Ավետ Ադոնցն իր իտալացի գործընկերոջը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Ավետ Ադոնցն իր իտալացի գործընկերոջը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Հուլիսի 16-ին ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը հեռախոսազրույց ունեցավ Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարի տեղակալ Մանլիո Դի Ստեֆանոյի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Ավետ Ադոնցն իր իտալացի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի հյուսիս-արևելյան հատվածի երկայնքով Ադրբեջանի կողմից զինուժի կիրառման արդյունքում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ Ադրբեջանի կողմից իրականացվող շարունակական ագրեսիան: Այս համատեքստում ԱԳ նախարարի տեղակալը դատապարտեց նաև Թուրքիայի ԱԳՆ կողմից կատարած կողմնակալ և սադրիչ հայտարարությունը:

Մանլիո Դի Ստեֆանոն նշել է, որ Իտալիան մնում է այն տեսակետին, որ նման խնդրիները պետք է լուծվեն բացառապես բանակցությությունների միջոցով:

Մանլիո Դի Ստեֆանոն ընդգծեց, որ Իտալիայի ԱԳ նախարարության կողմից արդեն իսկ տարածված հաղորդագրությունում իտալական կողմը կոչ է արել կողմերին զերծ մնալ լարվածության հետագա աճից, վերադառնալ կառուցողական բանակցային դաշտ և խնդիրը լուծել ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում՝ բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով:

 Իտալիայի ԱԳՄՀ նախարարի տեղակալն հավելել է, որ այս հարցում Հայաստանը կարող է ակնկալել Իտալիայի լիակատար աջակցությունը:

Կողմերը գոհունակությամբ անդրադարձել են երկկողմ հարաբերությունների ներկա մակարդակին և դրանց հետագա խորացմանը։ Ավետ Ադոնցն ու Մանլիո Դի Ստեֆանոն փոխադարձաբար ներկայացրեցին համավարակի վերաբերյալ Հայաստանում և Իտալիայում տիրող իրավիճակը, կառավարությունների կողմից ձեռնարկված միջոցները՝ ուղղված համավարակի հաղթահարմանն ու սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը:

Այս համատեքստում նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը շնորհակալություն է հայտնել Իտալիայի իշխանություններին՝ համավարակի շրջանակներում Հայաստանին ցուցաբերած օգնության և Հայաստան գործուղված բուժանձնակազմի համար:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև երկուստեք կարևորություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ:

  • Կիսվել: