Ավելի քան 40 կազմակերպությունների անունից նամակ հանձնեցին ՀՀ արտգործնախարարությանը և ՀՀ–ում Շվեյցարիայի դեսպանությանը
Այսօր ավելի քան 40 կազմակերպությունների անունից նամակ հանձնվեց ՀՀ արտգործնախարարությանը և ՀՀ–ում Շվեյցարիայի դեսպանությանը. Արարատ Միրզոյանին ուղղված նամակում կոչ է արվում դիմել չեզոք երրորդ երկրի, մասնավորապես, Շվեյցարիային՝ լիազորելով ՀՀ անունից ապահովել հյուպատոսական ծառայության հասանելիություն Բաքվում պահվող բոլոր հայ գերիների ու նաև շտապ բժշկական օգնություն՝ Ռուբեն Վարդանյանի համար:
«Գլխավոր կոչն այն է, որ ՀՀ–ն որպես Ադրբեջանում պատանդառված անձանց քաղաքացիության երկիր դիմի Շվեյցարիայի համադաշնությանը, Շվեյցարիան պետք է դիմի Ադրբեջանին, որպեսզի պատանդառված անձինք օգտվեն հյուպատոսական ծառայություններից։ Այսինքն Շվեյցարիայի հյուպատոսը Ադրբեջանում պարբերական այցելություններ ունենա մեր բոլոր գերեվարված անձանց,–ԱԳՆ–ի մոտ իրականացված բողոքի ակցիայի ժամանակ ասաց Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ նշելով, որ նամակներ հանձնվում ՀՀ արտգործնախարարությանը և ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանությանը։
Բեգլարյանը նշեց, որ իրենց կոչը և պահանջը հիմնված է Վիեննայի կոնվենցիայի վրա, որը դիվանագիտական հարաբերություններ չունեցող երկրներին թույլ է տալիս դիմել երրորդ չեզոք երկրի, որպեսզի կարողանան օգվել հյուպատոսական ծառայությունից։
«Հաշվի առնելով հրատապությունը մեր հայրենակիցների այս կեղծ դատավարությունը Բաքվում, թե Ռուբեն Վարդանյանի հացադուլի հանգամանքը, խոշտանգումների հանգամանքը, մենք համարում ենք, որ սա հրատապ միջոց է, որը պետք է կիրառի ՀՀ-ն»,-ասաց նա։
Արտակ Բեգլարյանը նշեց, որ Բաքվում իրականացվող դատավարության ընթացքում հրապարակված ցանկացած ցուցմունք չի կարող լինել լեգիտիմ ապացույց, որովհետև գիտի, թե ինչ պայմաններում են հայերը պահվում Բաքվում։
«Դա կարող է խեղաթյուրված լինել թե՛ մոնտաժի միջոցով, թե՛ ուղղակի որպես գրավոր խոսք։ Եվ ամենակարևորը․ մեր հայրենակիցներն իրավունք ունեն այնտեղ ամեն ինչ ասելու, միայն թե իրենք ողջ վերադառնան հայրենիք։ Նույնիսկ, եթե այն ինչ ներկայացվում է ուղղակիորեն իրենց ասածն է, նույնիսկ այդ պարագայում իրենք իրավունք ունեն ամեն ինչ ասելու»,-նշեց նա։