հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Ավազակային հարձակում է եղել, ծեծկռտուքին մասնակցել են Քոքոբելյանի որդին, եղբայրը եւ եղբորորդին

Ավազակային հարձակում է եղել, ծեծկռտուքին մասնակցել են Քոքոբելյանի որդին, եղբայրը եւ եղբորորդին

Տավուշի մարզի Աչաջուր համայնքում ավազակային հարձակում է տեղի ունեցել ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի որդուն  պատկանող ջերմոցային տնտեսության վրա, որի հետեւանքով մարմնական վնասվածքներ են ստացել Խաչատուր Քոքոբելյանի որդին, եղբայրը եղբորորդին: Այս մասին NEWS.am-ին հայտնեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը։

«Տավուշի մարզի Աչաջուր համայնքում գտնվող ջերմոցային տնտեսության պահակի վրա եղել է ավազակային հարձակում, եւ ահազանգ է արվել Քոքոբելյաններին, նրանք եկել են, դրանից հետո տեղի է ունեցել ծեծկռտուք, մնացած մանրամասներ չեմ կարող հաղորդել, որովհետեւ հիմա քնում է քննություն: Ոստիկանությունը այժմ զբաղված է հանգամանքները պարզելով եւ մեղավորներին գտնելով»,-ասաց նա:

Նա նշեց, որ դեռ չեն հայտնաբերել հարձակվողներին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մայիսի 8-ին ժամը 19։30-ի սահմաններում ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Աչաջուր գյուղի «Քոքոբելյաններ» կոչվող ջերմոցի դիմաց վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել,որի ժամանակ հնչել են կրակոցներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի մեկնած ոստիկանները պարզել են, որ ՀՀ ՊՆ ծառայող Սայադ Նազարյանը, ում հետ եղել են նաև 3 ՀՀ ՊՆ ծառայողներ, Իջևանի բնակիչ՝ 43-ամյա Էդմոնդ Էդիլյանի հետ ծեծի են ենթարկել Աչաջուր գյուղի բնակիչներ՝ 49-ամյա Վաչիկ Քոքոբելյանին, 29-ամյա Սևադա Քոքոբելյանին և 19-ամյա Յուրի Քոքոբելյանին, ովքեր ստացել են մարմնական վնասվածքներ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ծեծկռտուքի ժամանակ հնչել են նաև կրակոցներ, որից հետո Քոքոբելյաններին ծեծի ենթարկողները դիմել են փախուստի։

  • Կիսվել: