շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
AstraZeneca պատվաստանյութերը հաջորդ շաբաթ հասանելի կլինեն Երևանում և մարզերում

AstraZeneca պատվաստանյութերը հաջորդ շաբաթ հասանելի կլինեն Երևանում և մարզերում

Հայաստանը շուտով կսկսի AstraZeneca պատվաստանյութով պատվաստումները: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Ամերիկյան FDA-ը, Եվրամիության դեղերի գրանցման գործակալությունը և ԱՀԿ-ն տվել են իրենց եզրակացությունները այս պատվաստանյութի վերաբերյալ: Պատճառահետևանքային կապ գրանցված կողմնակի ազդեցությունների ու պատվաստման միջև չի հայտնաբերվել»,- ասաց Ավանեսյանը:

Նրա խոսքով՝ առողջապահության նախարարությանը կից գործող մասնագետների խորհուրդը ուշադրությամբ հետևում է զարգացումներին: «Ուրբաթ օրը ժողով է պլանավորվում, որի ընթացքում կքննարկվի Գերմանիայում իրականացված փոփոխությունը՝ պատվաստանյութի ցուցումների մեջ, ըստ որի՝ պատվաստանյութի տարիքային շեմը բարձրացվել է: Ըստ այդմ մեր գործողությունները կկառուցենք», - ասաց նախարարը՝ ավելացնելով, որ բոլորին խորհուրդ է տալիս պատվաստվել, քանի որ դա կօգնի հնարավորինս շուտ վերադառնալ բնականոն կյանքին:

Նախարարի խոսքով, պատվաստանյութերը դեռ պետք է մաքսազերծվեն ու մի շարք այլ գործընթացներ անցնեն: Ակնկալվում է, որ ապրիլի 5-ին դրանք արդեն հասանելի կլինեն թե Երևանում, թե մարզերում: Իսկ մինչ այդ կազմակերպվում են հանդիպումներ պոլիկլինիկաների տնօրենների հետ, ստուգվում են պոլիկլինիկաներում առկա առաջին օգնության բժշկական պայուսակների տարողունակությունը, դրանք համալրվում են, ինչպես նաև վերապատրաստման դասընթացներ են անցկացվում:

  • Կիսվել: