երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Ասենք` բախման արդյունքում ճեղքեցիք ոստիկանական արգելքը, գալու էիք այստեղ, ի՞նչ անեիք. Անդրանիկ Քոչարյան

Ասենք` բախման արդյունքում ճեղքեցիք ոստիկանական արգելքը, գալու էիք այստեղ, ի՞նչ անեիք. Անդրանիկ Քոչարյան

Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցի ժամանակ իր ելույթում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, դիմելով թեկնածուներին, նշեց՝ իրենց պրոֆեսիոնալ գործունեության ընթացքում չի բացառվում՝ նրանք առնչվեն այն գործերի հետ, որի սկիզբը դրված է և դրվում է հետագա քրեական գործերի մեջ՝ կազմակերպված Բագրատ Գալստանյանի կամ մի խումբ մարդկանց կողմից:

Անդրադառնալով ԱԺ նիստերի դահլիճում «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի ելույթին` Քոչարյանն ասաց՝ եթե նայեր իր դեմքին, կհասկանար, որ իր դիմաց նստած է մի մարդ, որը Մարտի 1-ի գործով 5 զեկույցների համահեղինակ կամ հեղինակ է:

«Նենգափոխել Մարտի 1-ը և փորձել համեմատության եզրեր դնել երեկվա կատարվածի հետ, կներեք, չգիտեմ՝ ոնց պետք է հասնել դրան: Ասեմ, որ այն ժամանակ կոալիցիայի անդամ էր Դաշնակցության կառույցը, և նաև, եթե չեք մոռացել, հիշեցնեմ՝ արտակարգ դրության պարետ նշանակվեց գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը»,- ասաց Քոչարյանը:

Պատգամավորն ընդգծեց՝ Մարտի 1-ին ժողովուրդը չի հարձակվել պետական շենքերի վրա, չի հարձակվել այն ակնկալիքով, որ սահմանափակված էր Ազատության հրապարակում և սպասում էր ՍԴ-ի՝ գործը ընդունելուն և որոշման հնարավորությանը:

«Մենք ի՞նչ տեսանք. մտցվեց արտակարգ դրություն, ժողովրդի վրա հարձակում եղավ ուժային կառույցների և ոչ ուժային, բայց ուժային բնույթ տված հանցավոր խմբավորումների կողմից, որպեսզի ՍԴ-ն հնարավորություն չունենա այդ գործը քննելու: Դա էր իրական պատկերը: Իսկ ի՞նչ եղավ երեկ: Եթե նկատեցիք, Կանադայի քաղաքացին, ըստ էության, անընդհատ մանիպուլյատիվ տեխնոլոգիա էր օգտագործում՝ հավաքվեք, վաղը կասեմ»,- նշեց պատգամավորը:

Նա Բագրատ Գալստանյանին մեղադրեց, որ ի սկզբանե չի ասել ժողովրդին, որ հնարավոր է՝ տեղի ունենան բախումներ, և մարդկանց մի մասը չէր գա:

«Դա ավանտյուրա էր»,- նշեց Անդրանիկ Քոչարյանը՝ ընդգծելով՝ երբ Գալստանյանին պարզ ճշմարտություններ ես ասում, նա սկսում է թիրախավորել ու պիտակավորել ասողներին, որոնց թվում՝ նաև իրեն:

«Ամոթ է, հոգևորական ես եղել, այսօր դու Brothers ես»,- ասաց պատգամավորը:

Քոչարյանը նշեց՝ դահլիճից բացակայում են ընդդիմադիր պատգամավորները, որոնք հայտարարել են՝ գնում են կալանավայրեր և հիվանդանոցներ:

Անդրադառնալով երեկվա դեպքերին՝ պատգամավորը նշեց՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հստակ պարզաբանել է, որ դա Նոյեմբերի 9-ն էր:

«Նախկին հարցազրույցների ժամանակ ասել եմ՝ ինչ էր Հոկտեմբերի 27-ը. բոլորին բռնացնել մի տեղ ու գլխատել իշխանությունը: Դա հաջողվեց, քանի որ բոլորը մի տեղում էին: Հիմա, խորհրդարանական երկրում, այդ մեխանիզմները բարդ են, բայց իրենք այդ մտքից չեն հրաժարվում: Լավ, ասենք՝ բախման արդյունքում ճեղքեցիք ոստիկանական արգելքը, գալու էիք այստեղ ի՞նչ անեիք: Տղամարդկության մասին է խոսում այդ brother-ը, բայց տղամարդկությունը ուրիշ տեղ պետք է դրսևորվի»,- ասաց պատգամավորը:

Նրա խոսքով՝ այստեղ անելիք ունի եկեղեցին:

  • Կիսվել: