հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Արզաքանցյանը կուսակցություն է հիմնել․ «Ուժը Հայրենյաց» մեր ազգին լավ մածիվացիա կանի (տեսանյութ)

Արզաքանցյանը կուսակցություն է հիմնել․ «Ուժը Հայրենյաց» մեր ազգին լավ մածիվացիա կանի (տեսանյութ)

Գործարար, նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել կնոջ հետ, որտեղ զույգը հայտարարում է նոր կուսակցության՝ «Ուժը Հայրենյաց», գրանցելու մասին։ Նոր կուսակցություն ստեղծելու մասին Արցաքանցյանը հայտարարել էր դեռ մեկ ամիս առաջ։

Ըստ Արզաքանցյանի «Ուժը հայրենյաց» կոգեշնչի հայ ժողովրդին, կդարձնի մարդկանց ավելի հայրենասեր և կտանի երկիրը դեպի բարեկեցիկ ապագա։

Նա նաև հայտնել է, որ այս պահին գնում է Գյումրի իր համախոհների հետ հանդիպման։

Իսկ նրա կինը՝ Նատալյա Ռոտենբերգը հորդորել է բոլորին միանալ նորաստեղծ կուսակցությանը՝ հավելելով, որ շուտով տեղի կունենա կուսակցության համագումարը։

Նշենք, որ նախկին պատգամավորը բավականին ուշագրավ ձևով վերադարձավ քաղաքական դաշտ։ Նա նախորդ տարվա խորհրդարանական ընտրություններում մասնակցելու հայտ էր ներկայացրել՝ գլխավորելով Հայաստանի Դեմոկրատական կուսակցության ցուցակը։ Սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անվավեր էր ճանաչել Արզաքանցյանի գրանցումը: Նա չկարողացավ ապացուցել, որ վերջին չորս տարիների ընթացքում մշտապես բնակվել է Հայաստանում։ ԿԸՀ-ի հաշվարկներով՝ Արզաքանցյանը Հայաստանից բացակայել է փաստաթղթերը ներկայացնելուց առաջ 1461 օրից 1005-ը։

Սեպտեմբերին Արզաքանցյանը հայտարարեց, որ դուրս է գալիս Դեմկուսից: Որպես պատճառ նա ասել էր, որ իրենք տարբեր հայացքներ ունեն արտաքին և ներքին քաղաքականության վերաբերյալ։ Բացի այդ, նրա խոսքով, որոշ պայմանավորվածություններ են խախտվել։ Մասնավորապես`միավորվելիս պայմանավորվել էին, որ հետագայում բարձրաստիճան պաշտոնյաների, դեսպանների հետ հանդիպումները պետք է թիմային լինեն, սակայն Արզաքանցյանը տարբեր աղբյուրներից իմացել է, որ Արամ Սարգսյանն առանց իր գիտության հանդիպել է ԱՄՆ, Ֆրանսիայի դեսպանների հետ։

Դեմկուսից հեռանալուց մեկ ամիս անց Արզաքանցյանը միացավ «Ալյանս» կուսակցությանը։ Առաջին հայացքից թվում էր, թե գործարարը վերջապես գտավ «իր սրտի կուսակցությանը», սակայն վերջերս մամուլը գրեց, որ կուսակցության վարչությունը դեմ է արտահայտվել Նիկոլ Փաշինյանի ստեղծած արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի աշխատանքներին Արզաքանցյանի մասնակցությանը, ինչը պատճառ է դարձել, որ վերջինիս և կուսակցության հարաբերությունները դառնան ճգնաժամային:

Փաստորեն, անհամաձայնություններն այնքան խորն էին, որ Արզաքանցյանը լքեց «Ալյանսը» և նոր կուսակցություն է հիմնում։ Հիշեցնենք,որ 2003 թ․ մայիսի 25-ին կայացած խորհրդարանական ընտրություններում Արզաքանցյանն ընտրվել էր Հայաստանի Ազգային ժողովի երրորդ գումարման պատգամավոր՝ ՀՀԿ-ից։ 2007 թ. մայիսի 12-ին կայացած խորհրդարանական ընտրություններում ընտրվել է Գեղարքունիքի մարզի 22 ընտրատարածքի Ազգային ժողովի չորրորդ գումարման պատգամավոր՝ ՀՀԿ-ից։ 2017 թ․ խորհրդարանական ընտրություններում կրկին առաջադրվել է ՀՀԿ պատգամավորության թեկնածու Գեղարքունիքի մարզում, սակայն պարտվել է կուսակիցներին:

  • Կիսվել: